«Թե չէ, մարդու փորը, շրթունքները համեմատել․․․ մի՞թե կարելի է»
Վերջին օրերին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ֆեյսբուքյան գրառումները մամուլում ակտիվորեն քննարկվեցին: Կարծիք կա, որ Սեյրան Օհանյանը, հավանաբար, առաջիկայում վերադառնալու է ակտիվ քաղաքականություն, հետևաբար, Ռուզաննա Խաչատրյանի գրառումները սերտորեն կապված են դրա հետ:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը Henaran.am-ի թղթակցի հետ զորույցում նշեց․
«Ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար պարտադիր չէ անձնական վիրավորանքներ հասցնել մարդկանց: Ինչ-որ գործընթացներում չկարողանալով բանավիճել, իրենց ասելիքը հանրությանը հասցնել՝ ոմանք ուզում են պայքարել՝ մյուսներին անձնական վիրավորանք հասցնելու միջոցով։ Ես Վիգեն Սարգսյանի կողմնակիցը չեմ, ո՛չ էլ պետք է նրան պաշտպանել, բայց այս պարագայում ես չեմ հասկանում տիկին Խաչատրյանի պահվածքը։ Ես դա դիտարկում եմ որպես ցածր մակարդակի տեր մարդու արարք։ Իսկ ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար կարելի է օգտագործել քաղաքական տեխնոլոգիաները և վերադառնալ առանց կեղտի ու անձնական վիրավորանքների»։
Քաղաքագետը շեշտեց՝ եթե Ռուզաննա Խաչատրայնն ինչ-որ բան ուներ ասելու ինչ-որ մեկին, կարող էր կոռեկտ ասել իր ասելիքը։
«Եթե, իհարկե, նա նկատի ունի Վիգեն Սարգսյանին, կարող էր կոռեկտ ասել՝ նա ժամանակին խուսափում էր ծառայությունից, հիմա ինչո՞ւ է դոշ տալիս, պնդում, որ բոլորը պետք է բանակ գնան․ դա վերաբերում է նաև տարկետման իրավունքից զրկելու մասին օրենքին։ Կարելի է կոռեկտ, նորմալ բանավիճել։ Թե չէ, մարդու փորը, շրթունքները համեմատել․․․ մի՞թե կարելի է նման բան անել: Մարդիկ կան, որ մեծ փոր ունեն, բայց նորմալ մարդիկ են, կամ շրթունքները ինչ կապ ունեն այս ամենի հետ․․․», – նշեց քաղաքագետը:
Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ Սեյրան Օհանյանը ակտիվ քաղաքականություն կվերադառնա, քաղաքագետը պատասխանեց․ «ՀՀ-ում ամեն ինչ էլ հավանական է։ Այս 25 տարիների ընթացքում՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր, մենք բազմաթիվ իրադարձությունների ենք ականատես եղել, որոնք մեզ ուղղակի անհավանական էին թվում։ Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հավանական է»։