Ոչ կշոյվեի, ոչ էլ կուրախանայի, խիստ կդատապարտեի. Սյունիքի մարզպետը՝ հայտնի տեսանյութից
«Այդ տեսանյութը վեց ամսվա վաղեմություն ուներ, իր աշխատակազմի մտահղացումն էր, ուզում էին սյուրպրիզ անել քաղաքապետին եւ տեղադրել էին համացանցում: Դրանից առաջ ինչո՞ւ ԲՀԿ-ն չէր բարձրաձայնում դրա մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ խոսելով վերջերս համացանցում հայտնված Սիսիանի քաղաքապետ, քաղաքապետի միակ թեկնածու Արթուր Սարգսյանի ծննդյան տոնակատարության տեսանյութից, որտեղ քաղաքապետին աշխատակազմը դիմավորել էր նրա պատկերով շապիկներով, հրավառությամբ եւ այլն:
Հարցին՝ եթե իրեն այդպիսի «սյուրպրիզով» դիմավորեին, կշոյվե՞ր, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Ոչ կշոյվեի, ոչ էլ կուրախանայի, խիստ կդատապարտեի, ճիշտ հասկացեք՝ մարդիկ ցանկանում էին ուրախացնել: Ես իմ աշխատողների վրա մատ թափ կտայի»:
Մարզպետն ասաց, որ անլուրջ է վերաբերվում իր հասցեին ուղղված Սամվել Հարությունյանի քննադատություններին ու նկատեց, որ Սամվել Հարությունյանն ավելի լավ կլիներ, որ հոգենյարդաբանական դիսպանսերում բուժում անցներ։
Հարցին, թե ընտրությունների շեմին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը զգացվո՞ւմ է, մարզպետը պատասխանեց. «Բացարձակ չկա»։