Սպիտակի երկրաշարժից 25 տարի անց. համաժողով` նվիրված հանրային իրազեկմանը
Սպիտակի երկրաշարժի 25-րդ տարելիցի կապակցությամբ դեկտեմբերի 3-4-ին տեղի կունենա ”Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեցման կարեւորագույն նախապայման” միջազգային համաժողովը, որը նվիրված կլինի հանրային իրազեկման խնդիրներին:
Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում ասաց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Հյոգոյի գործողությունների ծրագրի ազգային համակարգող, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:
Նա նշեց, որ համաժողովին կմասնակցեն պետական մարմինների ներկայացուցիչներ` նախարարներ, պատգամավորներ, միջազգային բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ լրագրողներ:
“25 տարի առաջ, երբ տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը, մենք` լրագրողները, նույնիսկ տեղյակ չէինք, որ Հայաստանի հյուսիսային հատվածն ամբողջովին ավիրվել է: Դա Սովետի պրոպագանդան էր, որը թաքցնում էր ժողովրդից նման բաները”,- ասաց պրն Գրիգորյանը` նշելով, որ այն ժամանակ արտասահմանից միայն երեք օր անց եկավ օգնություն:
“Այն ժամանակ չկար այն համակարգը, որն այսօր կա: Համաժողովի նպատակն այն է, որ համաշխարհային լավագույն փորձն այստեղ բերելով` մենք էլ ավելի լավ կարողանանք աշխատել ու կատարել մեր սոցիալական պարտքը` պաշտպանել մարդկանց տարբեր արհավիրքներից”,- նշեց բանախոսը:
Ն. Գրիգորյանն ասաց նաեւ, որ համաժողովին զուգահեռ “Ռոյթերս” գործակալության հետ համատեղ իրենք կանցկացնեն Հայաստանից եւ Վրաստանից 12 անգլիախոս լրագրողների ուսուցում` արտակարգ իրավիճակներում աշխատելու համար: