Շարմազանովը՝ իր բանակում չծառայելու մասին /տեսանյութ/
«Ես տարկետման իրավունքից օգտվել եմ ուսանող ժամանակ։ Այնպես չէ, որ գիտական աստիճան եմ պաշտպանել և մոռացել դասախոսական աշխատանքը, բայց իմ պաշտպանությունը ստացիոնար ասպիրանտուրայի հաշվին չի եղել։ Այսինքն՝ ես պետությունից տարկետման չեմ արժանացել և չեմ ստացել բանակ չգնալու արտոնություն։ Ես ունեցել եմ այլ պատճառ, որը համապատասխան կառույցներն են որոշել», – այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ շեշտելով օրենքով սահմանված կարգով՝ չի զորակոչվել բանակ։
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց՝ հարկ է հստակ տարբերակել դասալիքներին և բանակ չգնացողներին։
«Զինապարտության տարիքում ՀՀ-ից չեմ բացակայել։ Ինչքան ինձ կանչել են, ես պարտաճանաչ ներկայացել եմ։ Այսօր էլ ունեմ զինգրքույկ՝ պահեստազորի շարքային եմ», – նշեց Շարմազանովը՝ հիշեցնելով՝ ընդդիմության շարքերում էլ կան մարդիկ, ովքեր օրենքով սահմանված կարգով չեն ծառայել, հետևաբար այս հարցում պետք չէ ստվեր փնտրել իշխանության շարքերում։
«Ընդդիմության գործընկերները խոսում են իշխանափոխության մասին, եթե իրանց տրամաբանությամբ նայենք, ապա այսօրվա իրենց ֆրակցիայի ղեկավարը օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև ես և մյուս իշխանավորները, չեն ծառայել։ Բա վաղը ուզում են գան իշխանության, իրանք էին քննադատում չէ՞։ Մենք երևույթները պիտի քննադատենք։ Ես իմ թիմում չեմ ճանաչում առնվազն բարձր իշխանության պաշտոնյաների, ովքեր խուսափել են բանակից»։