Թա՛ց պահիր իմ ներսը, Տե՛ր…
Փրկություն
Միայն ոտքերն էին նրանը
ու կրունկների կտկտոցը:
Գլուխը ծառ էր:
…Մինչև նրան հասնելը
կլանվեց կայծակը ուրիշ դաշտերի,
ուրիշ ծառերի մեջ:
Ուրիշ տեղ ուշացավ որոտը
ու չհասավ լույսին:
…Առավոտյան նա համբուրեց ծառը…
Նատյուրմորտ
Ճեղքվել էր Մեղրիի սպիտակ նուռը,
թանե ձմեռ էր թափանցիկ բաժակի պատերին:
Պակասող օրերն էին նախշերի
բոլոր ժամանակները, որ պակասում էին,
և ես էի, որ միայն զարդարում էի…
***
Ավազը պարում է ու իջնում բաժակի հատակը:
Դրսում տեղ կա բոլոր փոշիներ իհամար:
…Դու սիրում ես շնչել,
բոլոր շերտերը հերթով շնչել…
***
…ճերմակ անկյուններում ամեն ինչ վերջանում է,
երբ նայում ես…
Ոչինչ չի գալիս ջրափոսերի մեջ…
Թա՛ց պահիր իմ ներսը, Տե՛ր…
ՄԱՐԻԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ