Չեմպիոնների լիգայում մեկնարկում է 5-րդ տուրը
Այսօր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում 8 հանդիպումով մեկնարկում է 5-րդ տուրը:
Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Դորտմունդում, որտեղ ՛՛Բորուսիան՛՛ կընդունի ՛՛Նապոլիին՛՛: Հենրիխ Մխիթարյանի ակումբի համար հանդիպումը հավասարազոր է եզրափակիչի, քանի որ միայն հաղթանակ տանելու դեպքում գերմանական ակումբը կպահպանի հաջորդ փուլ դուրս գալու շանսերը:
F խմբում կկայանա նաեւ ՛՛Արսենալ՛՛ – ՛՛Մարսել՛՛ հանդիպումը: Այստեղ լոնդոնցիները պետք է խնդիրներ չունենան ետնապահի հետ հանդիպման ժամանակ:
E խմբում ռումինական ՛՛Ստյաուան՛՛ տանը կընդունի ՛՛Շալկե 04՛՛-ին, իսկ ՛՛Բազելը՛՛ կխաղա ՛՛Չելսիի՛՛ հետ: Գերմանական եւ անգլիական ակումբները հաղթանակի դեպքում կնվաճեն հաջորդ փուլի ուղեգիր:
G խմբում 2-րդ տեղ գրավելու համար թեժ պայքար է ծավալվել ՛՛Զենիթի՛՛ եւ ՛՛Պորտուի՛՛ միջեւ: Այդ պայքարում հաղթելու համար ռուսական ակումբին անհրաժեշտ է սեփական հարկի տակ հաղթել արդեն հաջորդ փուլի ուղեգիրը ապահոված ՛՛Ատլետիկոյին՛՛, իսկ ՛՛Պորտուն՛՛ տանը կփորձի հաղթել ետնապահ ՛՛Աուստրիային՛՛:
H խմբում առաջատար ՛՛Բարսելոնան՛՛ առանց մի շարք առաջատարների կհյուրընկալվի Ամստերդամի ՛՛Այաքսին՛՛: Շոթլանդական ՛՛Սելթիկն՛՛ էլ տանը կխաղա ՛՛Միլանի հետ՛՛: