Գյուղնախարարը ընդունեց
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հյուրընկալեց ՀՀ Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ս. Սուխորենկոյին վերջինիս խնդրանքով:
Կողմերը նշեցին գյուղատնտեսության բնագավառում երկկողմ համագործակցությունը սերտացնելու և խորացնելու անհրաժեշտությունը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը կարևորեց երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժը, առկա հնարավորությունները մանրամասն ուսումնասիրելու և գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը:
Ս. Կարապետյանը գոհունակությամբ նշեց բելառուսական արտադրության տրակտորների՝ Հայաստան ներկրելու կարևորությունը, ինչը հնարավորություն տվեց հայ ֆերմերներին ձեռք բերելու որակյալ և մատչելի գյուղտեխնիկա: Նա նաև տեղեկացրեց, որ տրակտորները հաջողությամբ շահագործվում են Հայաստանում, և նպատակահարմար է 2014թ. առաջին եռամսյակում նույնպես կազմակերպել տրակտորների որոշ խմբաքանակի ներկրում Հայաստան:
Դեսպան Ս. Սուխորենկոն անդրադարձավ առևտրատնտեսական հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ համատեղ նիստի արձանագրությամբ նախատեսված, գյուղատնտեսությանը վերաբերող կետերին և փոխանցեց բելառուսական կողմի պատրաստակամությունը՝ կազմակերպելու բելառուսական գյուղտեխնիկայի արտադրություն Հայաստանում արդյունաբերական որևէ ձեռնարկության բազայի հիմքի վրա և ստեղծելու այդ տեխնիկայի սպասարկման համար լիցենզավորված կենտրոն: Դեսպանը նաև ցանկություն հայտնեց աջակցելու ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացմանը և առաջարկեց քննարկել երկու երկրների գյուղատնտեսության նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը 2014թ. ընթացքում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանն ընդունեց դեսպանի առաջարկը՝ համոզմունք հայտնելով, որ հանդիպումը հնարավորություն կընձեռի քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու դրանց իրականացման ուղիները: