Նոր ավիափոխադրող Հայաստանում` թռիչքներ Բաթումի, Թավրիզ /վիդեո/
Հայաստանում արդեն ավիափոխադրումներ են իրականացնում երկու ընկերություն` ”Էյր Արմենիան” և ”SKY NET’’-ը: Այսօր այս մասին ասուլիս էր հրավիրել ”Հենարան” ակումբում: ՀԽ Ֆինանսա-բյուջետային և տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշեց, որ նման կերպ կարող է ազատականացվել ոլորտը և զարկ կտրվի ներքին ու արտաքին զբոսաշրջության զարգացմանը:
Ասուլիսին ներկա ”SKY NET’’ ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտնեց, որ ավիաընկերությունը ստեղծվել է 2011 թ, այժմ տիրապետում է սեփականության իրավունքով JetStreem 32 անգլիական արտադրության` 19 տեղանոց երկշարժիչային օդանավի: Ընկերությունը ավիափոխադրումներ կատարելու է ՀՀ տարածքում և մոտակա այլ ուղղություններով: ”Մոտ ապագայում կիրականացվեն Երևան-Ղափան-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան, Երևան-Գորիս ուղղություններով չվերթներ”,-ասաց նա: Բացի այդ ”SKY NET’’-ը պատրաստ է չվերթներ իրականացնել դեպի Բաթումի, Թբիլիսի, Իրան: Այս ուղղություններով տոմսքի արժեքը մոտ քառասուն հազար դրամ է լինելու, իսկ ՀՀ-ի տարածքում կհաշվի ըստ ուղևոնրների քանակի, ըստ թռիչքի տևողության. թռիչքային ժամի 1680 ԱՄՆ դոլար է:
Վարդանյանը տեղեկացրեց, որ մինչ այժմ իրականացվել է մեկ հարսանեկան թռիչք, և այս ուղղությամբ ևս իրենք աշխատանքներ տանելու են:
Վազգեն Սաֆարյանը հավելեց, որ Ղափանի օդանավակայանը ամենայն հավանականությամբ մոտ ժամականերում կգործարկվի, Ջերմուկինն ու Ստեփանավանինը ևս: Իսկ Ստեփանակերտի օդանավակայանի դեպքում խնդիրը միայն քաղաքական է, տեխնիկական առումով խնդիր չկա:
Չնայած այս ամենին Վազգեն Սաֆարյանն ու Ավիացիոն հարցերով ենթահանձնաժողովի ներկայացուցիչ Իզաբելլա Մուրադյանը նկատեց, որ Հայաստանը պետք է սեփական ավիափոխադրող ունենա: ”Հայաստանում ինքնաթիռները մեծ մասամբ վարձակալված են, Հայաստանը չունի սեփական ավիացիոն պարկը, իսկ օդաչուներն էլ հիմա հիմնականում այլ երկրներում են աշխատում. սա անկարելի է բոլոր տեսանկյուններից”,-շեշտեց նա: Վազգեն Սաֆարյանն էլ ընդգծեց. ”Մենք շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, ու Հայաստանը պետք է ունենա իր սեփական ավիափոխադրողը ”:
Մանրամասները` տեսանյութում: