Իմ անլուռ սիրտ, իմ կարոտների մատյան՝ մեռար…

ՄՈՌԱՑՎԱԾ ՄԱՏՈՒՌԸ
(բալլադ մեծ պատերազմի մասին)
Ես որդի ունեի, և նրա անունը Խուան էր,
 ես որդի ունեի:
 Ատելությամբ լցված նա գնաց դիրքերը:
 Ես նրան տեսա վրիժառու, բայց զոհասեղանին,-
 և տերտերի աղոթքին ներկա էր միայն նրա գլխարկը:
 Ես փնտրել եմ նրա գերեզմանը:
Որդիս: Տղաս: Որդյակ իմ.
ես հայելու մեջ հարթեցրել եմ դեմքիս կնճիռները
 և հասկացել, որ իմ սերը դարձել է ձուկ:
 Այնտեղ, որտեղ խլանում է անիվների աղմուկը
 ես ունեի սիրելի:
 Ես ունեի մեռած ձուկ՝ խնկի մոխիրներում անթեղված:
 Ես ունեի ամբողջ մի ծով…Աստված իմ, ես ծո՛վ ունեի:
 Ես փորձեցի աղաղակել զանգերը,
 բայց որդերը արդեն կրծում էին պտուղը,
 վառվող կրակներ կային, գարնան հոտ և
 կռունկները հարբած
 կտցահարում էին
 մեռնող զինվորների ցեխոտ ճակատները:
 այնտեղ վրաներ կային, ուր
 արցունքով լիքը բաժակը
 հերթի էին դրել զինվորները:
Ես քեզ պիտի փնտրեմ
 առաջին ծաղիկների բացվելուն,
 լուսաբացին,երբ դեռ տերտերը
 մատուռի դռան դեմ
 կապում է իր եզն ու ավանակը ու
 անշտապ սաստում է
 կռռացող գորտերին:
 Ես որդի ունեի, և իմ տղան ուժեղ էր,
 և մեռածները ուժեղ են՝ շուտով թնդացնելու են երկինքը:
 Թե որդիս արջ լիներ,
 չէի վախենա ես խորամանկ կոկորդիլոսից,
 չէի սարսափի, երբ ծովը օղակում է միայնակ ծառերին,
 որ նավաստիները՝
 ջրերին խեղդում են ծովախորշերում-
 եթե իմ որդին արջի պես լիներ ուժեղ:
Սառը ջրիմուռներից
 ես կպատսպարվեմ,
 գիտեմ՝ պատարագի ժամանակ կտան
 ձեռնոցներ, փողկապ կամ նոր կոստյում-
 ես կլռեմ աղոթքի ժամին,
 բոլորը կլռեն լուռ
 և միայն դրսում հանկարծ
 կճչան ճայերն ու պինգվինները՝
նա որդի ուներ
 նա նրա որդին էր
 նա միայն նրա որդին էր՝ուրիշ ո՛չ մեկի,
 նա նրա որդին էր
 նրա որդին էր:
ԳՈՎՔ
բարդիներն էլ մի օր հեռանում են երկրից,
 բայց նրանց ուղին լուսինն է լճակի վրա նկարում,
 բարդիները հեռացող
 թողնում են սեր ու
 քամուն:
 Կջարդի քամին մթան թևերը,
 կմեռնի՝
 թողնելով
 արձագանքը բարդիների.
 այդ արձագանքով գետը
 կգտնի իր հունը-
 և գուցե՝
 քամուն ու մե՞զ:
ՏԱՓԱՍՏԱՆ
ժամանակի ճեղքած
 կեռմանները
 կորան:
Տափաստանը՝
 մնաց:
Իմ անլուռ սիրտ-
 իմ կարոտների մատյան՝
 մեռար:
Տափաստանը՝
 մնաց:
Մայրամուտի մշուշն ու
 համբույրները
 հանգան:
Տափաստանը՝
 մնաց:
Ամեն ինչ համրացել,խլացել,
 սառել է՝վերջացա՛վ,
 կորավ:
Տափաստանը՝
 մնաց: 
ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ
                










































