Շիմպանզեներ, օրանգուտաններ. խորհրդարանում «թեժ» է
Այսօր «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ քննարկման ներկայացվեց ԱԺ լիագումար նիստում: Քննարկումն անցավ բավական «թեժ» մթնոլորտում: Նախ «Ծառուկյան խմբակցության» պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դեմ են քվեարկելու, քանի որ Կառավարության ներկայացուցիչ Վաչե Տերտերյանը նախորդ քննարկմանը հայտարարել էր, թե սկզբունքորեն դեմ չէ, որպեսզի օրենքում պահպանվի դրույթը, ըստ որի՝ ավագանու խմբակցությունն ունենա իրավունք հանրաքվեի առաջարկի վերաբերյալ ներկայացնել իր տեսակետը, որն, այդուհանդեձ, քննարկվելու էր ավագանիում: «Բայց հիմնական զեկուցողը մոռացավ այդ մասին խոսել, որովհետև ընդդիմադիր խմբակցությունների առաջարկը մերժվել է:
Տպավորություն է, թե անմեղ, հրեշտակի տեսքով նախագծեր են ներկայացվում, որտեղ խնդիր չկա, և ասում են՝ Սահմանդրությանն ենք համապատասխանեցնում, բայց արանքում սղացնում են վիճահարույց և վտանգավոր դրույթներ, մասնավորպես այս, որը հետընթաց է գործող օրենքից»,-ասաց նա:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ նախ նկատեց, թե խոսքը նրա մասին է , որ Երևանի ավագանու խմբակցությունն իրավունք կունենա հանդես գալ քաղաքային հանրաքվե անցկացնելու առաջարկությամբ, թե ոչ: «Ընդ որում, այդ առաջարկությունը չի նշանակում՝ ինքնաբերաբար հանրաքվե տեղի ունենա: Հիմա որոշել են հարցը վերացնել, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, ի՞նչ է առաջացել: Դա ընդամենը գործիք է, որը կարող էր ունենալ ընդդիմադիր խմբակցությունը, և մեկը թող բացատրի՝ քափ քրտինքի մեջ ինչո՞ւ եք այդ բոլոր գործիքները հավաքում ընդդիմադիր խմբակցությունից»,-ասաց նա, ապա իր սիրելի օրինակը բերեց.
«Օրանգուտան կապիկի և մարդ արարածի ԴՆԹ-ի տարբերությունն ընդամենը 2% է, դրա համար կոչ եմ անում մեր շինպանզե համակարգը մի վերածեք մակակի համակարգի»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ նշեց՝ քանի որ ինքը չի տիրապետում կենդանական և «կապիկական աշխարհի նյուանսներին», երևի թե օրենքից խոսի, որովհետև շիմպանզեների և օրանգուտանների մասին, լավ կլինի բուն մասնագետները խոսեն.
«Եթե մենք խոսում ենք, որ ինչ-որ ֆրակցիայից գործիք ենք վերցնում, մենք մոլորության մեջ ենք գցում, այդ գործիքն անգործության է մատնվելու քաղաքական ցանկացած դասավորության պայմաններում: Արվում է մի բան, որն իրականում անգործ է: Այնպես որ, թող տպավորություն չստեղծվի, որ ինչ-որ ֆրակցիայի ձեռքից ինչ-որ բան է վերցվում, ուղղակի անգործության է մատնված այդ օրենքը:
Այո, ճիշտ եք ասում վերադառնալով կապիկների թեմային, անչափ գայթակղիչ թեմային, ուզում եմ մի երկու բան ասել՝ շիմպանզեներ, օրանգուտաններ լինում են ամենուրեք, լինում են այս կամ այն տարածության մեջ ու կապված նրանից, թե ինչպիսին է մեր վերաբերմունքն այդ կենդանիներին, մենք տալիս ենք մեր սեփական ինքնագնահատականը: Այս դեպքում մենք ասում ենք՝ օրենքը համապատասխանեցվում է Սահամանադրությանը ու որևէ եզր, որևէ կասկածամտություն, որևէ չակերտավոր կապիկություն չկա սրանում: Սա սահմանադրության պահանջ է, որը մենք իրականացնում ենք»:
Նշենք, որ ըստ ավագանու այդ լիազորության` Երևանի ավագանու ցանկացած խմբակցություն իրավունք ունի հանրաքվե անցկացելու առաջարկություն անել, ինչն էլ քննարկվելուց հետո կարող է ընդունվել կամ մերժվել ավագանու մյուս խմբակցությունների կողմից: Առաջարկվող նախագծով` վերոնշյալ դրույթը պետք է դադարի գործել, ինչը կնշանակի, որ ավագանու խմբակցություններն այլևս չեն կարող հարաքվեի աաջարկություն անել: