Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը
Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը:
Ողջունելով հյուրերին՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եկկողմ համագործակցությունը խորացնելու առումով կարեւոր եւ օգտակար համարեց երկու խորհրդարանների համապատասխան մշտական հանձնաժողովների համատեղ նիստի անցկացումը: Նիստին ԱԺ փոխնախագահը ընթերցեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը, որում խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստում էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով: Նշվում էր, որ հայկական կողմը ռուս գործընկերների հետ պատրաստ է ակտիվ եւ կառուցողական աշխատանքի եւ փաստում, որ այս հանդիպումը եւս մեկ անգամ վկայում է, որ խորհրդարանականները ունեն համագործակցելու ցանկություն եւ տրամադրվածություն:
Ըստ ԱԺ նախագահի խոսքի՝ վերջին տարիներին նկատելիորեն բարձրացել է ռուս-հայկական միջխորհրդարանական կապերի մակարդակը, աշխուժացել են երկկողմ միջխորհրդարանական շփումները, ինչը, անկասկած, նպաստում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գործընկերային հարաբերությունների հետագա ամրապնդմանը:
Հովիկ Աբրահամյանը հատկանշական է համարում, որ սա երկու երկրների խորհրդարանների մշտական հանձնաժողովների մակարդակով առաջին համատեղ նիստն է եւ հույս հայտնում, որ հանդիպումները եւ քննարկումները երկու կողմերի միջեւ այս ձեւաչափով կկրեն շարունակական բնույթ:
Ըստ ԱԺ նախագահի՝ Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության շրջանակներում միջխորհրդարանական գործընկերության զարգացմամբ՝ հատկապես հաշվի առնելով Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հեռանկարը:
Ուղերձում ԱԺ նախագահը համոզմունք էր հայտնում, որ համատեղ նիստի եւ կլոր սեղանի մասնակիցների միջեւ տեղի կունենա հետաքրքիր մտքերի փոխանակում:
Ողջույնի խոսքում ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին կարեւորեցին հայ-ռուսական դարավոր բարեկամությունը եւ նշեցին, որ երկու երկրների միջեւ կապերը զարգանում են տարբեր ուղղություններով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ Մաքսային միությանը եւ եվրասիական միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության հարցերը կլինեն քննարկումների առանցքում: Հանձնաժողովների նախագահները նիստի մասնակիցներին մաղթեցին արդյունավետ եւ կառուցողական աշխատանք:
ՀՀ ԱԳՆ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն իր ելույթում անդրադարձավ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին, կատարված քայլերին: Նա տեղեկացրեց, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանի՝ Մաքսային Միությանն անդամակցելու «ճանապարհային քարտեզը» նախատեսվում է հաստատել դեկտեմբերին: Փոխնախարարը նշեց, որ այս ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում: Պարոն Քոչարյանն անդրադարձավ մեր օրենսդրությունը Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու խնդրին: Նրա կարծիքով՝ Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:
«Զարգացման գործընթացները եվրասիական տնտեսական տարածքում» թեմայով ելույթներ ունեցան Արտակ Զաքարյանը եւ Լեոնիդ Սլուցկին:
Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մենք ապրում ենք մի տարածաշրջանում, ուր հարաբերական կայունությունը հաստատվել է Ռուսաստանի, Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ազդեցության արդյունքում: Պարոն Զաքարյանն ընդգծեց, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, եւ խնդրի լուծումը մեր երկրի համար եղել ու մնում է առաջնահերթություն: Լինելով Ռուսաստանի ռազմավարական եւ ռազմաքաղաքական դաշնակիցը՝ Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է պաշտոնական Մոսկվայի արտաքին քաղաքական նախաձեռնությունների հաջողությամբ, ռուսական տնտեսության զարգացմամբ եւ ուժեղացմամբ, Ռուսաստանի միջազգային հեղինակության ամրապնդմամբ: Արտակ Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանի՝ եվրասիական ինտեգրման մասնակցությանը, նշեց, որ այն առաջին հերթին պայմանավորված է նոր ռեսուրսներ օգտագործելու ձգտմամբ՝ պետության զարգացման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանի համար ռազմավարական խնդիր է աբխազական երկաթուղու վերաբացումը: «Այդ պատճառով մենք ուշադիր հետեւում ենք տարածաշրջանային եւ գլոբալ գործընթացներին, մասնավորապես Մաքսային միության անդամ երկրների ապրանքաշրջանառության աճի տպավորիչ ցուցանիշներին»,- ասաց նա:
Լեոնիդ Սլուցկին անդրադարձավ Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափին եւ այս համատեքստում կարեւորեց ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:
Հայ-ռուսական խորհրդարանական համագործակցության եւ Մաքսային միության ձեւավորման գործընթացում ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀ, ՀԱՊԿ, ԱՊՀ ՄԽՎ, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովներում համագործակցության խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին հայ եւ ռուս խորհրդարանականները: Քննարկվեցին հայ եւ ռուս խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության եւ փոխաջակցության խնդիրները: Հայ խորհրդարանականները ներկայացրին այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման եւ Մաքսային միության անդամակցության գործընթացներում: Դրանք մասնավորապես վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորություններին, հեռահաղորդակցության եւ անվտանգության ապահովման խնդիրներին:
Այնուհետեւ նիստի աշխատանքները շարունակվեցին կլոր սեղանի ձեւաչափով: «Խորհրդարանների դերը եւ Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրման գործընթացների զարգացման հեռանկարները» թեմայով ելույթներ ունեցան հայ եւ ռուս պատգամավորները, կառավարության անդամներ, փորձագետներ:
Նիստի ավարտին ընդունվեց համատեղ հայտարարություն: