ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը՝ միասին. Զուրաբյանի հաղթանակը /վիդեո/
Ազգային ժողովի դիմաց այս պահին բողոքի ցույց է անցկացվում, որը նախաձեռնել է ֆեյսբյուքյան ՛՛Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների՛՛ խումբը: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հավաքվածներին կոչ արեց չհուսահատվել, որ արտահերթ նիստը չկայացավ: Հիշեցնենք, որ արտահերթ նիստում պետք է քննարկվեր օրենքը, սակայն քվորում չկար:
“Ես մոտեցա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, եւ հարցրի, թե ինչու չկա ՛՛Հանրապետական՛՛ խմբակցությունը: Վերջինս ասաց, որ երեք ժամում կաշխատի ապահովել պատգամավորների ներկայությունը”,- հայտարարեց Զուրաբյանը: Զուրաբյանի համոզմամբ` պատգամավորները չեն գալու:
“Բայց սա մեր հաղթանակն է, ժողովրդի հաղթանակն է, քանի որ չորս խմբակցություն միացավ իրար: Այսպիսի բան կարծես թե չէր եղել”,- եզրափակեց նա:
Բողոքավորների հետ էր նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նրանց միացավ նաեւ դաշանակցական Արմեն Ռոստոմյանը:
Բողոքավորները շարժվեցին դեպի ՀՀԿ գրասենյակ եւ կառավարություն: