Ով հավատում է նրան, հավիտենական կյանք կունենա
Հիսուս ասում է.
-Ոչ ոք երկինք չի ելել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից, և որ երկնքում է: Եվ ինչպես որ Մովսեսն անապատում բարձրացրեց պղնձե օձը, նույնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի նա, ով հավատում է նրան, հավիտենական կյանք ունենա. քանի որ Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա:
Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի: Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար:
-Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում։ Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն։
Հովհաննեսի ավետարան 3:13-21
Քավ լիցի, որ ես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչից բացի ուրիշ բանով պարծենամ: Այդ խաչի միջոցով աշխարհն այլևս մեռած է ինձ համար, ինչպես որ ես էլ մեռած եմ այս աշխարհի համար: Կարևորը մարդու թլփատված կամ անթլփատ լինելը չէ, այլ նոր արարած լինելը: Թող Աստծու խաղաղությունն ու ողորմությունը լինեն բոլոր նրանց հետ, որոնք ապրում են այս սկզբունքի համաձայն, բոլոր նրանց հետ, որոնք նրա ընտրյալ ժողովուրդն են կազմում:
Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 6:14-16