Մեռելները պիտի լսեն Աստծո Որդու ձայնը. Աստվածաշունչը` հարության մասին
« Ճշմարտապէս, ճշմարտապէս կը յայտարարեմ ձեզի. «ժամը պիտի գայ ու հիմա ալ է, երբ մեռելնե՜րը պիտի լսեն Աստուծոյ Որդիին ձայնը. եւ անոնք որ կը լսեն՝ պիտի ապրին։ Որովհետեւ ինչպէս Հայրը ինքնիր մէջ կեանք ունի, այնպէս ալ Որդիին տուաւ՝ որ ինքնիր մէջ կեանք ունենայ. նաեւ անոր տուաւ դատաստան կիրարկելու իշխանութիւն, քանի որ ան մարդու Որդին է։ Մի՜ զարմանաք ասոր վրայ, որովհետեւ ժամը պիտի գայ՝ երբ բոլոր գերեզմաններու մէջ եղողները պիտի լսեն անոր ձայնը, ու դուրս պիտի գան. անոնք որ բարիք գործեր են՝ կեանքի յարութեան համար, եւ անոնք որ չարիք գործեր են՝ «դատապարտութեան յարութեան համար»։
Հովհաննեսի Ավետարան
Չկա մարդ, որ ննջեցյալներ չունենա: ԵՒ Տիրոջ այս խոստումը թե, ննջեցյալները գերեզմաններում լսում են Աստծո Որդու ձայնը, եւ որ` ամենքն էլ պիտի հարություն առնեն, սակայն նրանց բարիք գործած մասը` կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չար գործեր են արել` դատապարտվելու հարության համար: Կամ արդյո՞ք մասնակի հարություններ չեն այն բոլոր բժշկությունները, որ Տերը գործեց, երբ ի ծնե կույրն սկսում է տեսնել, անդամալույծը ոտքի ելնելով իր պատգարակն ինքն է տանում տուն, խուլուհամրը խոսում եւ լսում է: ԵՒ բազմակի ու բազմաթիվ են այդ փոքր հարությունները, որ հույս ու մխիթարություն եղան տառապյալ ժողովրդի համար եւ պատճառ շատերի դարձի: Սակայն ահռելի է, երբ դիակն է ոտքի կանգնում: Այսինքն թե` Աստծո կամքին եւ խոսքին են ենթակա գերեզմաններում ապրողներն էլ:
ԵՒ այդ բանի համար էլ քրիստոնյաներս մեր ննջեցյալներին` Քրիստոս Աստծուն ենք հանձնում: Քրիստոսին, որ եկավ, բժշկեց, լուսավորեց, մխիթարեց եւ հարության սերմնահատիկը ցանեց մարդկության մեջ: Տերն իր բժշկություններով եւ մեռելներին հարություն տալով, ինքն էլ մեռելների աշխարհից Արարիչ Հոր զորությամբ հարություն առնելով Ավետիս եղավ բարիք գործածների համար, որ հույս է նրանց եւ ուրախություն ապագա կյանքի հարության: Իսկ որ, Ինչպես Արարիչ Հայրը, նույնպես եւ նրա Որդին կարող է հարություն տալ, այդ գիտենք Սուրբ Ավետարանից: Վերհիշենք այդ հրաշափառ ու զորավոր, մխիթարական եւ հավատ ամրակայող հարության դրվագներից, երբ մահացածները լսում են Աստծո Որդու ձայնը եւ կենդանանում են.
«Հետեւյալ օրը գնում էր մի քաղաք, որի անունը Նային էր։ Նրա հետ իր աշակերտներից շատերն էին, նաեւ մեծ մի բազմություն։ Երբ արդեն քաղաքի դռան մոտ էր, ահա՛ մի մեռել էին դուրս հանում, իր մոր միակ որդին էր։ Կինն այրի էր, ու քաղաքից մեծ մի բազմություն էր նրան ուղեկցում։ Տերն այդ ամենը տեսնելով գթաց կնոջը եւ նրան ասաց. «Մի՛ լար»։ Ու մոտենալով՝ դիպավ դագաղին, կրողները կանգ առան, եւ ասաց. «Երիտասա՛րդ, քեզ եմ ասում, ոտքի՛ ելիր»։ Մեռելն ահա ելավ, նստեց, եւ սկսեց խոսել. Հիսուս նրան տվեց իր մորը։ Վախը համակեց բոլորին, ու Աստված էին փառաբանում, ասելով. …. Աստված այցելեց իր ժողովրդին»։ /Ղուկասի Ավետարան/։
ԵՒ կամ Ղազարոսի Հարությունը, որ հավատացյալներիս համար առանձնակի սիրելի դրվագ է, որովհետեւ հարություն առնողը չորս օրվա մեռել` հառնում է հենց գերեզմանից, երբ մարմինն արդեն սկսել էր հոտել.
Հայտնի է, որ հարություն առած Ղազարոսը հոգեւոր ծառայության անցավ եւ երբեք չծիծաղեց, որովհետեւ ահեղ էր նրա հառնումը, երբ մարմինն սկսել էր հոտել: Նաեւ, որ այն կողմի աշխարհում չորս օր գտնվելով` Աստծո ահռելի գործընթացներին էր առնչվել եւ ասես ապշանքի մեջ լիներ իր տեսածների պատճառով:
Արդ, ինչու՞ ենք մեռած քրիստոնյա մարդկանց ննջեցյալ ասում: Այդ խոսքն իսկ Հիսուսի խոսածի հիման վրա է: Երբ Ղազարոսը մեռավ, Հիսուս ասաց` ննջել է եւ այլ դրվագներում էլ, հոգեւոր կյանքի մեջ գտնվող մեռյալների համար` ննջել է խոսքն ասաց: Այսինքն, նրանք կարող են կենդանանալ այն ժամանակ, երբ Աստված նրանց ասի` վե’ր կացեք, ոտքի ելեք: Ըստ այդմ բոլոր քրիստոնյաները ննջեցյալ անվանվեցին, քանի որ ամենքին էլ հարություն խոստացավ Աստված, վերջին` մի հատկական ժամանակում: Իսկ մինչ այդ նրանք երկարատեւ ժամանակով քնի մեջ են գտնվելու:
ԵՒ ուշ թե շուտ` ամենքս էլ ննջեցյալ ենք դառնալու կամ նայելու ենք այդ ուղղությամբ, քանի որ մարդու ադամական մարմինը, անգամ ամենամեծ սրբերինը` դատապարտված է մահով ապականման: Հողից է սերում մարմինը եւ հողին պիտի դառնա:
Պողոս առաքյալն այս մասին խոսելիս, ասում է. «Մարմին եւ արյուն Աստծո թագավորությունը չեն կարող ժառանգել, ամենքս էլ մեռնելու ենք, բայց ոչ բոլորս, որովհետեւ վերջին փողի հետ մեզանից ոմանք ակնթարթի մեջ վերափոխվելու, հափշտակվելու են»: Խորհրդաբանական եւ հզոր հայտնություն է այս, որ առավել արժանավորներ ամենավերջին ժամանակում` իրենց մարմնով իսկ հափշտակվելու են, գերեզմանի դատաստանի միջով չանցնելով:
Այս մասին Ավետարանում կարդում ենք.
« Այն ատեն եթէ երկու մարդիկ արտի մը մէջ ըլլան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ. ու եթէ երկու կիներ ջաղացքին մէջ աղան, մէկը պիտի առնուի եւ միւսը մնայ։
Ուրեմն արթուն կացէք, որովհետեւ չէք գիտեր թէ ձեր Տէրը ո՜ր ժամուն պիտի գայ»։ /Մատթէոսի Ավետարան/:
Ինչպես տեսնում ենք, սա ակնհայտ մարմնով երկինք հափշտակվելու մասին է, որ Պողոս առաքյալի բացատրությամբ, հափշտակության պահին իսկ մարմինը ձեւփոխվում է, ըստ երկնքի արքայությունում ապրելու չափորոշումների: Իսկ արթուն մնալու Տիրոջ պատվերը` հոգեւոր կյանքով ապրելու մասին է, որով է մարդը կյանքի հարությանը արժանանալու: Հին Կտակարանի ժամանակաշրջանում նման երկու հափշտակում եղավ` մեկը Ենովք Նահապետն էր, նա «Աստծոն այնքան հաճո իր կյանքն ապրեց», որ «Տերը նրան մարմնով իսկ իր մոտ տարավ»:
Այսօր գիրք կա Ենովք Նահապետի անունով, ասվում է, որ երբեմն Աստծո կամքով նա երկիր է այցելում եւ այդ իմացությունների, իմաստությունների եւ մարգարեությունների գիրքն իր այցելություններից մեկի ժամանակ է գրել, թողել երկրում: Մյուսը` Եղիա մարգարեն էր, որ հափշտակվեց երկինք, եւ Եղիսե մարգարեն` նրա աշակերտը այդ հափշտակությունը տեսավ: Սուրբ Գրքում խոստում կա, որ Եղիա մարգարեն, որ Մովսես մարգարեի հետ երկիր իջավ եւ Հիսուսի հետ լեռան վրա զրուցում էին նրա Պայծառակերպման օրը, կրկին, վերջին ժամանակում` երկիր են այցելելու:
Հովհաննեսի Հայտնության Գրքում պատմվում է, որ այս օրերին իսկ արդեն աշխարհում հայտնի վեցհարյուրվաթսունվեց նշանակիրով գազանը, անդունդներից ելնելով` սպանելու է նրանց, սակայն երեք օր անց նրանք հարություն են առնելու եւ կրկին ելնելու են երկինք: Մեջբերենք, որովհետեւ սուրբգրային խոսքը ընտիր հաց ու գինու պես է, որ զորակցում է հավատավորին. «Եվ նրանց պիտի տեսնեն բոլոր ցեղերն ու ժողովուրդները, եւ բոլոր լեզուներն ու ազգերը, որովհետեւ նրանց դիակը ընկած պիտի մնա երեք օր եւ թույլ չպիտի տան, որ նրանց ոսկորները թաղեն գերեզմաններում։ Եվ երկրի վրա բնակվողները պիտի ուրախանան ու ցնծան նրանց մահվան վրա, նույնիսկ ընծաներ եւ նվերներ պիտի տանեն միմյանց, որովհետեւ այս երկու մարգարեները երկրի բնակիչներին պիտի չարչարեն։
Երեքուկես օր հետո կենդանության հոգին Աստծուց պիտի մտնի նրանց մեջ եւ նրանք պիտի վերկենան կանգնեն իրենց ոտքերի վրա։ Եվ ահ ու մեծ երկյուղ ընկավ բոլոր նրանց վրա, ովքեր տեսան նրանց։ Եվ լսեցի մի բաձր ձայն, որ ասում էր նրանց. «Վեր ելեք, եկեք այստեղ»։ Եվ նրանք ելան երկինք՝ ամպերով եւ իրենց թշնամիները տեսան նրանց»։
Սակայն, մարդկության ստվար մասը գերեզմանի դատաստանի միջով են անցնում եւ անցնելու, քանի որ այդ չափին արժանացան: Մի դատաստան, որ քրիստոնյաների համար տանելի է, մխիթարական, որովհետեւ նրանք իրենց հոգիներում հույս ունեն, որպես կենդանացնող հունդ` Քրիստոս ունեն Սուրբ Հաղորդությամբ եւ Քրիստոս Տիրոջ այս օրհնյալ խոստմամբ. «Ով որ ուտի իմ մարմինը եւ խմի իմ արյունը, /հոգով/ մահ չի տեսնի եւ ես նրան վերջին օրը հարություն պիտի տամ»:
Սակայն հավելենք, որովհետեւ մարդիկ կան, որ Սուրբ Հաղորդություն ընդունելով` երկու Տիրոջ են ծառայում, թե բարուն եւ թե չարին միաժամանակ: Իսկ Տիրոջ Խոսքն ասում է, որ նրանց բարիք գործած մասն են` կյանքի հարության համար, իսկ նրանք, որ չար գործեր են արել` դատապարտվելու հարության համար, այսինքն, եթե անգամ Սուրբ Հաղորդություն ընդունած լինեն` չար գործերի համար դատապարտության հարություն կա: Այդ կարեւոր է հիշել:
Քրիստոնյաների թաղման կարգն իսկ այն բանի համար է կոչված, որ Տիրոջ խոստման բոլոր ավետումները քահանայի եւ հոգեւոր մերձավորների միջոցով իրենց դերը կատարեն ննջեցյալի մխիթարական վիճակի մեջ գտնվելու համար: Այսինքն, թե` քրիստոնեական կարգով ճամփու դնեն դեպի հոգիների աշխարհ եւ հոգեւոր մեծ տոներին հաջորդող մեռելոցներին, տոնի խորհրդին մասնակից դարձնեն ննջեցյալի հոգուն:
Մաքսիմ Ոսկանյան
«Ննջեցյալները» ժողովածուից