Ինչ է կատարվել 2013 թ-ից ի վեր. «Ելքը» կբացահայտի
«Ելք» դաշինքը պաշտոնապես շրջանառության մեջ է դրել ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը. քիչ առաջ խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ իրենց դաշինքի առաջարկը պիտի լայնորեն քննարկվի:
«Քայլ առ քայլ հիմնավոր ներկայացվելու է Հայաստանի հետընթացը 2013 թվականից սկսած: ՀՀ-ն հետընթաց է արձանագրել բոլոր ուղղություններով, տնտեսության կոնտեքստում ոչ մի ծրագիր չի իրագործվել, ՀՀ անվտանգությունն ավելի խոցելի է դարձել, Հայաստանի միջազգային մեկուսացումն աճել է, գործազրկությունն աճել է, ավտորիտար քաղաքական ավանդույթներն են ավելացել:
Մենք համոզված ենք, որ ժամանակն է Հայաստանը դուրս բերել զարգացման ուղի, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ չի տալիս գործընկերների հետ ազատ առևտրային հարաբերություններ ունենալ»,-նշեց նա:
Էդմոն Մարուքյանը հավելեց, որ իրենք ցանկանում են ունենալ այնպիսի մի երկիր, որտեղ ոչ թե ռազմամթերք է գալիս դրսից, այլ երկիր, որտեղ կա զարգացած ռազմարդյունաբերություն, որտեղ արտադրվում է այդ ռազմամթերքը, իսկ դա զարգացող Հայաստանի հանրապետությունը կարող է միայն լինել: Պատգամավորն արձանագրել է նաև, որ խորհրդարանում ամեն մի օրենքի քննարկման ժամանակ մարդու իրավունքների, ազատությունների մասով փուլ առ փուլ ռեգրես է եղել:
Նա տեղեկացրեց, որ առաջարկելու են ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, ապա դիմելով ՀՀԿ-ականներին ասաց. «Եթե ապացուցելու բան չունեք, ապա եկեք, միասին ստեղծենք այդ հանձնաժողովը, որը կքննի ու կտա եզրակացություն, թե ինչ է տվել մեզ ԵՏՄ-ը: Շնորհակալություն, սպասում ենք ակտիվ քննարկումների»,-եզրափակեց նա: