09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: 
Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաև հավելել, որ Երևանի քաղաքապետի յուրաքանչյուր այցով սկիզբ է դրվում մի նոր ծրագրի իրականացման, ինչն ինքնին արդեն իսկ խոսում է Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների արդյունավետ համագործակցության մասին: Բակո Սահակյանն առանձնակի կարևորել է նաև Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Ստեփանակերտի կենտրոնում Ազատամարտիկների այգու հիմնման նախագծի իրականացումը. <<Ձեր այս նախաձեռնությունը, պարոն քաղաքապետ, ինչպես ճարտարապետական և մշակութային, այնպես էլ հայրենասիրական նշանակություն ունի, և դրա շնորհիվ գալիք սերունդները ևս, արժևորելով հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների վաստակը, իրենց հերթին կդաստիարակեն արժանի սերունդ>>,- ընդգծել է Բակո Սահակյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդհանուր գծերով ներկայացրել է Երևանի և Ստեփանակերտի միջև ստորագրված բարեկամության համաձայնագրով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ նախանշված բոլոր ուղղություններով առաջիկայում ևս աշխատանքները կլինեն շարունակական. <<Արդյունքներն, անշուշտ, շոշափելի են, սակայն մենք դրանով չենք բավարարվելու և անելու ենք հնարավորը՝ փոխգործակցությունն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ>>,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու նաև հավելել, որ հերթական այս այցի շրջանակում պատվիրակության հետ Ստեփանակերտ են այցելել նաև զբոսաշրջության ոլորտի երևանյան ներկայացուցիչներ, ովքեր ծանոթանում են ԼՂՀ-ի սպասարկման ոլորտի հնարավորություններին` դեպի Արցախ զբոսաշրջության խթանումն առավել առարկայական դարձնելու նպատակով:

Այնուհետ ԼՂՀ նախագահին է ներկայացվել Ազատամարտիկների այգու նախագծի եռաչափ տարբերակը, որն արժանացել է հավանության:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը կանի հնարավորը, որպեսզի այգին հնարավորին կարճ ժամկետներում հանձնվի շահագործման ու լիովին ծառայի իր նպատակին:

 

Շուրջ 2 հա տարածք զբաղեցնող այգին հանգստյան նոր գոտի կդառնա ինչպես Ստեփանակերտի բնակիչների, այնպես էլ հյուրերի համար:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ