Հայտնվելու են Նաիրի Հունանյանի վիճակում

՛՛Ազատամարտիկները երեկ բավական մանրամասն ներկայացրին իրենց մոտեցումները, պետք է արագացնեն այն ամենն, ինչ ենթադրում է, քանի որ երիտասարդությունն արդեն ժամանակ չի թողնում՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: Նա նկատեց, որ ազատամարտիկների խնդիրը միայն իշխանության փոփոխութունը չէ, այլ համակարգի: ՛՛Բավարար չէ տապալել մի իշխանություն, Հայաստանն արդեն դա տեսել է, 1991-ին դա այլափոխմամբ է ավարտվել, իսկ 1999-ին ղեկավարության գնդակահարությամբ՝ նույնպես այլափոխմամբ: Ազատամարտիկները մտադիր են իշխանության մի օղակ էլ ավելացնեն, ժողովրդի ամբողջական գերագույն խորհուրդ են ցանկանում ստեղծել՛՛-բացատրեց Մանուչարյանը:
Նա հայտնեց, որ երեկ հանրահավաքին եկել էին շատ կուսակցություններ, կուսակցական պատկառելի ներկայացուցիչներ: Մանուչարյանը հիշեցրեց, որ կուսակցությունների հետ աշխատում են ազատամարտիկները, և նրանք ցանկանում են իրենց նպատակներն իրագործելու համար ամբողջ ազգի պոտենցիալն օգտագործել, այդ թվում նաև եկեղեցու:
Ըստ նրա` այսօր պետական ու քաղաքական համակարգ գոյություն չունի, և թիվ մեկ խնդիրը անկախությունն է մեզ համար: ”Մարդիկ մտածում են անկախությունը դրոշ, պետություն Սահմանադրութուն, դա է… առաջին հերթին անկախ միտքն ու հոգին է: Եթե ուրիշի թելադրանքով եք դա անում, իմացեք, որ հայտնվելու եք Նաիրի Հունանյանի վիճակում”,-ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամն, ապա հավելեց. ”Մեզ համար ոսկու գին ունեն բոլոր համակարգերը, որոնք նպաստում են մեր սեփական հոգեկերտվածքին: Ստեղծվում է հինգերորդ շարասյուն, մարդկանց գնում են, ու ստեղծվում է կառավարման նոր արտաքին համակարգ”: