Թուրքմենստանի նախագահն այցելել է ՀՀ Ազգային ժողով
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն օգոստոսի 24-ին այցելել է ՀՀ Ազգային ժողով եւ հանդիպել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը ընդգծել է այս այցի կարեւորությունը հատկապես Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: ՀՀ ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցը կխթանի հայ-թուրքմենական հարաբերությունները բոլոր ոլորտներում:
Արա Բաբլոյանը, կարեւորելով միջխորհրդարանական շփումների դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձել է Հայաստանի եւ Թուրքմենստանի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի միջեւ առկա փոխգործակցությանը եւ կապերի առավել ակտվացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը միջազգային կառույցներում բազմիցս աջակցել է բարեկամ Թուրքմենստանի նախաձեռնությունները եւ ակնկալում է հավասարակշռված վերաբերմունք իր համար սկզբունքային հարցերի շուրջ:
Արա Բաբլոյանը հայ-թուրքմենական միջխորհրդարանական կապերն սերտացնելու նպատակով Թուրքմենստանի խորհրդարանի նախագահին հրավիրել է Հայաստան:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ բազմակողմանի կապերի զարգացմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ մեծ են համագործակցության հնարավորություններն առեւտրատնտեսական ոլորտում, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ առողջապահության բնագավառներում:
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր է գնահատել Հայաստանի հետ հարաբերությունների առկա մակարդակը եւ կարեւորել միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների միջեւ:
Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն ընդգծել է համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը տարբեր բնագավառներում եւ փաստել, որ առաջիկայում Թուրքմենստանը եւ Հայաստանը նախատեսում են լայնածավալ ծրագրերի համատեղ իրականացում:
Թուքմենստանի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել իր երկրի խորհրդարանի ղեկավարի ողջույնները եւ Թուրքմենստան այցելելու հրավերը:
Հանդիպման ավարտին Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: