Զուրաբյանը բացահայտումներ է խոստանում. տարեկան երկու միլիարդ դոլլար հափշտակվել է բյուջեից
՛՛Իշխանության մեջ, փաստորեն, ամենաազնիվն Արմեն Մովսիսյանը է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե գազի սուբսիդավորումը Մաքսային միությանը միանալու գինն էր:
Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ, թե ՌԴ-ը կսուբսիդավորի գազի 30% գինը, թե ոչ: ՛՛Թե ինչ կլինի հետո, պարզ չի, ամեն մի հայտարարություն չէ, որ պետք է ընդունել հավաստի տեղեկություն: Մինչև հիմա չգիտենք՝ ինչ է կատարվում, ի վերջո, սուբսիդավորվելու ենք, թե չէ, ինչ իրավիճակում ենք գտնվում՛՛,-հավելեց Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է 2014 թվականի պետական բյուջեի նախագծին՝ տնտեսագետը կարծում է, որ կորուստներ են լինելու: ՛՛Ներդրումների ու հարկահավաքության առումով խնդիրներ ենք ունենալու, որ կորուստներ լինելու են, դա փաստ է՛՛,-շեշտեց նա՝ հավելելով, որ իշխանությունն էլ է հասկանում, որ բյուջեն ռիսկային է:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ իրենց տնտեսագետները հաշվարկներ են արել և պարզել, որ տարիներ շարունակ Հայաստանում բյուջեի եկամուտները թալանվել են: ՛՛Երկու միլիարդ դոլլար տարեկան հափշտակվել է և օգտագործվել կոնկրետ պետական պաշտոնյաների կողմից իրենց հարստության համար՛՛,-ասաց Զուրաբյանը՝ խոսատանալով առաջիկայում մանրամասներ հրապարակել: