Մենք մինչև «դաբրո» չստանանք՝ չենք սկսի.Ազատ Արշակյան
«Նյու Յորքում սեպտեմբերի երկրորդ կեսին նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից որևէ արդյունք պետք չէ սպասել»,- այսօր՝ օգոստոսի 12-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Ես ոչ մի արդյունքի չեմ սպասում ու կարծում եմ՝ դա շատ լավ է, ստատուս քվոյի կարգավիճակը ՀՀ-ի և Արցախի համար լավագույն տարբերակն է, իսկ մնացած բոլորը, որ կարող է լինել՝ այլընտրանք է»,-նշեց քաղաքական գործիչը:
Ազատ Արշակյանի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ի խնդիրը, թերևս, միայն այն է, որ ոչինչ չփոխի:
Ազատ Արշակյանը գտնում է, որ տարածքներ կարգավիճակի դիմաց տարբերակն անիմաստ է: «Իսկ նման հարցեր քննարկելը դիվանագիտության մեջ նրա համար է, որ ամեն ինչ կարելի է խոսել՝ գործ չանելու համար»,-ասաց նա:
Չնայած Ազատ Արշակյանը ոչինչ չի սպասում առաջիկա հանդիպումից, բայց նման հանդիպումների անհրաժեշտություն, այնուամենայնիվ, տեսնում է:
Ազատ Արշակյանը բացառում է լայնածավալ պատերազմի վերսկսումը, եթե Հայաստանին կամ Ադրբեջանին չհրահրեն: «Մենք մինչև «դաբրո» չստանանք՝ չենք սկսի»,- ասաց նա: