ՌԴ-ն կարող է դիմել սադրանքի. Առավոտ
“Առավոտը” գրում է, որ օրերս գնդապետ Անդրեյ Ռուզինսկին ասել էր, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ ուժային ճանապարհով իրավասության վերականգնման վերաբերյալ որոշման դեպքում Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազան կարող է ներգրավվել զինված հակամարտության մեջ։
Բանսկա Բիստրիցայի համալսարանի (Սլովակիա) հրավիրված գիտաշխատող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը թերթի հետ զրույցում, անդրադառնալով ռուս գնդապետի վերոնշյալ հայտարարությանը, նշել է, թե դա նման է “դառը հաբը քաղցրացնելու միջոցի, որով փոխլրացվում է “անվտանգության” հայտնի փաստարկը”:
“ՌԴ-ի հետ վասալային հարաբերությունների պահպանման եւ խորացման կողմնակիցները կարող են պնդել, որ ՌԴ-ն երաշխավորել է, որ կմիջամտի Ադրբեջանի հետ լայնածավալ բախման դեպքում: Կարծում եմ, որ Ռուզինսկու ասածը նաեւ Ադրբեջանին ուղղված հերթական “մեսիջ” էր, որով, ինչպես նաեւ Մինսկում Ա.Լուկաշենկոյի արված հայտարարությամբ, ակնարկում են, որ Ադրբեջանը պետք է լրջորեն մտածի Մաքսային միությանն անդամակցելու մասին: Ադրբեջանի անհամաձայնության դեպքում պետք չէ նաեւ լիովին բացառել զարգացման այլ տարբերակ. ՌԴ-ն կարող է դիմել սադրանքի ԼՂ հակամարտության գոտում, որպեսզի այդ պատրվակն օգտագործի “խաղաղարարներ” մտցնելու համար”,- ասաց քաղաքագետը”,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում