Ոնց թե, փող ես հաշվելու … դարձյալ կառավարություն-պատգամավորներ հակասություններ ԱԺ-ում /վիդեո/
Այսօր Ազգային ժողովում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած քննարկմանը պատգամավորներին, փաստորեն, ամենից շատ հետաքրքրում էր Պետական եկամուտների կոմիտեն: Պատգամավորներն ամենաշատ հարցերն ուղղեցին ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին: Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն Ալավերդյանին հարցրեց, թե ինչ մաքսատուրքեր են բարձրանալու, երբ ՀՀ-ն մուտք գործի Մաքսային միություն: Պատասխանը սպասված էր` բանակցություններն ընթացքի մեջ են և ”չի ցանկանում քաղաքական հարցերի պատասխանել”:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանն էլ հետաքրքրվեց, թե նման արտագաղթի պայմաններում ինչպես է ՊԵԿ-ը կարողանալու ավելացնել հարկային հավաքագրումները, ինչը նախատեսված է 2014-ի բյուջեով: ”Մենք ծրագրավորել ենք տնտեսական աճ, այն պետք է լինի, որովհետև մյուս գործոնների հաշվին հարկերի հավաքագրումների ավելացումն ունի անհնարինութուն”,-պատասխանեց Ալավերդյանը:
Արծվիկ Մինասյանի հարցը վերաբերում էր ՊԵԿ-ի աշխատակցիների աշխատավարձին, ինչը մեծ աղմուկ առաջացրեց դահլիճում: Մինասյանն ու Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն սկսեցին բանավիճել մեկ այլ հարցի վերաբերյալ:
Վարդան Այվազյանը խնդրեց մի քանի պատգամավորի, ինչպես նաև Ալավերդյանին առանձին հաշվարկներ անել: ”Ես ինչ գործ ունեմ”,-նետեց Արմեն Ալավերդյանն, ով ի սկզբանե և հետո էլ դժգոհեց, որ չնայած նիստը տևեց մոտ երեք ժամ, իրեն ժամանակ չտվեցին նախապես պատրաստած գրավոր ելույթը ներկայացնել:
”Ոնց թե դու ինչ գործ ունես, դու փող ես հաշվելու, հարկ ես հաշվելու, այդ հարկերը քեզնից ենք ուզելու, այ քեզ բան”,-հնչեց դահլիճում:
Հետաքրքիր մանրամասները` տեսանյութում: