Որքա՞ն կթանկանա տրանսպորտը
Երևանում տրանսպորտի ուղեվարձի թանկացման վերաբերյալ բոլոր փոփոխությունները հաշվի են առնվում հանձնաժողովում, կատարվում է մանրակրկիտ քննարկում: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:
Նա հայտնեց, որ հանձնաժողովում ընդգրկված են տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ: ՛՛Կրկնում եմ սպառիչ՝ սպասեք հանձնաժողովի արդյունքներին՛՛,-ասաց նա: Հարցին, թե հնարավոր չէ հարյուր դրամով իրականացնել նորմալ երթևեկություն, Կամո Արեյանը պատասխանեց. ՛՛Ոչ, եթե իմ անձնական կարծիքն եք ուզում, ասեմ՝ տրանսպորտի ծառայությանը չի բավարարում հարյուր դրամը՝ շահագործման ծախսերը ծածկելու համար՛՛:
Դիտարկմանը, թե բազմաթիվ վերլուծություններ կան, ըստ որոնց տրանսպորտի սակագինը հարյուր դրամ է կազմում, փոխքաղաքապետն արձագանքեց. ՛՛Դրա համար հաշվի ենք նստում բոլոր վերլուծությունների հետ առանց խուսափելու, ընդունում ենք բոլոր առաջարկները և հանձնաժողովը կիրականցի մանրակրկիտ վերլուծություն ու կտա պատասխան՛՛:
Կամո Արեյանի խոսքով՝ հաշվի են առնվում բոլոր գործոնները՝ և սոցիալական պայմանները, և անվտանգությունը, և որակը: Կամո Արեյանը սակայն դժվարացավ պատասխանել, թե թանկացման ամենաբարձր շեմը որը կլինի. ՛՛Որքան է՝ չեմ կարող ասել՛՛:
Փոխքաղաքապետը հայտնեց, թե երթևեկում է տրանսպորտով ու վստահ է՝ որակը պետք է բարելավվի: ՛՛Թողնել չանելով ավելի կխորանա վիճակը: Կամք պետք է դրսևորել, հետևողականություն և հաշվարկներով փոխել տրանսպորտի վիճակը: Այո, որակի հարցում, ծառայությունների մատուցման, ունենք խնդիր: Ինձ էլ դուր չի գալիս ծառայության որակը, ինձ էլ՝ որպես քաղաքացի, դուր չի գալիս, թե ինչպես են մարդիկ կքած երթևեկում՛՛:
Դիատրկմանը, թե մինչև հիմա կարելի էր փոխել վիճակը, նա պատասխանեց. ՛՛Մի օր պետք է արվեր: Որակի բարձրացումը մենք դնելու ենք գծատերերի առջև, իհարկե, միանշանակ, ժողովուրդ ջան: Միակ ճանապարհը ձերբազատվելն է միկրոավտոբուսներից, քաղաքը համալրել մեծ և միջին տեղատարողութայմբ ավտոբուսներով, որը կապահովի լիարժեք երթևեկություն, կթեթևացնի ծանրաբեռնվածությունը, կբարեկավի որակը՛՛: