Սերժ Սարգսյանը կգնահատի
՛՛Կառավարությունն իրականացնում է իր աշխատանքները: Երբ անդրադարձ կկատարենք արդյունքներին, այն ժամանակ կանդրադառնանք բոլոր հարցերին՛՛,-այսօր Ազգային ժողովում ի պատասխան հարցի, թե ՀՀ կառավարությունը հրաժարական կտա, քանի որ չի կարողացել իրականացնել նախանշված տնտեսական աճը, ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Նախարարն ընդգծեց, որ իրենք իրականացնում են իրենց աշխատանքը, իսկ գնահատողը իրականացնում է գնահատումը, որի հիման վրա էլ ընդունվում են որոշումները:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հրապարակել է տնտեսական և հարկաբյուջետային հիմնական ցուցանիշների կանխատեսումները, ըստ որոնց՝ 2013 թվականի պետական բյուջեի հիմքում տնտեսական աճ կարձանագրվի 4.1%-ով, իսկ 2014թ. կանխատեսվում է 5.2% տնտեսական աճ:
Այս տարվա մարտին նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը նախազգուշացրել էր. ՛՛Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որը տարվա արդյունքով չապահովի 7 տոկոսանոց տնտեսական աճ, պետք է հրաժարական տա՛՛: