Մարսելի քաղաքապետը 48 ժամ արդեն Երեւանի քաղաքապետի հետ է
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/tm_marsel_1382784189.jpg)
Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, այցելել է Երեւանի թիվ 52 հիմնական դպրոց, որտեղ եվրոպական GOSPEL ծրագրով կառուցվել է երեք մարզադաշտերից բաղկացած բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ։
Դպրոցի բակում մարզահրապարակի կառուցումը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող առաջին ծրագիրն է։ Համաձայն նախագծի, մարզադաշտերից մեկը նախատեսված է նաեւ սահմանափակ կարողություններով անձանց համար։
Ողջունելով ներկաներին` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ երկու գործընկեր քաղաքների, ինչպես նաեւ Եվրամիության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում այս ծրագիրն իրականացվեց հաջողությամբ. “Հուլիս ամսին բացվեց բազմաֆունկցիոնալ այս գեղեցիկ մարզադաշտը, որը սիրվեց թե դպրոցի աշակերտների, եւ թե շրջակայքի բնակիչների կողմից։ Ուզում եմ հատուկ ընդգծել այն փաստը, որ մարզադաշտը հարմարեցված է նաեւ սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար։ Ներկայումս, Երեւանի քաղաքապետարանը իր քաղաքաշինական ծրագրերում փորձում է հետամուտ լինել այս խնդրին՝ հաշմանդամների կարիքներին առավելագույնս անդրադառնալու նպատակով։ Հուսով եմ, որ հետագայում եւս մենք հնարավորություն կունենանք իրականացնելու նմանատիպ բազմաթիվ այլ ծրագրեր՝ ի շահ մեր քաղաքների բնակչության”,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։
Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան – Կլոդ Գոդենն էլ, իր հերթին գոհունակություն հայտնելով ծրագրի արդյունքից, մեկ անգամ եւս ընդգծել է, որ սա երկու քաղաքների միջեւ առկա ջերմ եւ բարեկամական հարաբերությունների եւս մեկ խոսուն ապացույց է. “Հարգելի պարոն քաղաքապետ, այս վերջին 48 ժամերը, որ մենք անց ենք կացնում միասին, պետք է խոստովանեմ, որ թե ես, եւ թե մեր պատվիրակության անդամներն ուղղակի զգացված ենք այն ջերմ եւ բարեկամական վերաբերմունքից, որ ցուցաբերվում է Ձեր կողմից: Տեսնելով դպրոցականների ու հարակից շենքի բնակիչների ոգեւորությունը` ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել հենց Ձեզ, որ մեր կողքին եք ու անձամբ աջակցել եք այս ծրագրի իրականացման հարցում: Բացի այդ, շնորհակալ եմ նաեւ երկու քաղաքների միջեւ առկա արդյունավետ համագործակցության համար, քանի որ նաեւ Ձեր ջանքերի շնորհիվ ենք երկուստեք հաջողություններ գրանցում”,- շեշտել է Ժան – Կլոդ Գոդենը:
Այնուհետ Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ Մարսելի քաղաքապետը ծանոթացել է նաեւ մարզահրապարակի պայմաններին ու ցուցադրական ելույթներին, որոնց մասնակցում էին նաեւ հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիները:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենն, ի նշան երկու քաղաքների բարեկամության, խորհրդանշական ծառեր են տնկել դպրոցի բակում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն