Չեմպիոնների լիգայում ավարտվեց երրորդ տուրը
Չեմպիոնների լիգայի խաղարկությունում ավարտվեց երրորդ տուրը: Կայացած 8 հանդիպումներում գրանցվեցին մի շարք խոշոր հաշիվներ:
Մասնավորապես A խմբում Լեվերկուզենի ՛՛Բայերը՛՛ սեփական հարկի տակ 4-0 հաշվով ջախջախեց Դոնեցկի ՛՛Շախտյորին՛՛: Նույն խմբում ՛՛Մանչեսթեր Յունայթեդը՛՛ նվազագույն հաշվով հաղթեց իսպանական ՛՛Ռեալ Սոսիեդադին՛՛:
B խմբում օրվա կենտրոնական խաղում Մադրիդի ՛՛Ռեալը՛՛ Ռոնալդուի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով առավելության հասավ ՛՛Յուվենթուսի՛՛ նկատմամբ: Թուրքական ՛՛Գալաթասարայն՛՛ էլ 3-1 հաղթեց ՛՛Կոպենհագենին՛՛, որի շնորհիվ խմբում դուրս եկավ 2-րդ հորիզոնական:
C խմբում ՛՛ՊՍԺ՛՛-ն 5 անպատասխան գնդակ ուղարկեց ՛՛Անդեռլեխտի՛՛ դարպասը, որից 4-ի հեղինակը Զլատան Իբրահիմովիչն էր: ՛՛Բենֆիկան՛՛ էլ 1-1 ավարտեց հանդիպումը հունական ՛՛Օլիմպիակոսի՛՛ հետ:
D խմբում գործող գավաթակիր Մյունխենի ՛՛Բավարիան՛՛ նույնպես 5-0 հաղթեց Պլզենի ՛՛Վիկտորիային՛՛,իսկ Մոսկվայի ՛՛ԲԿՄԱ՛՛-ն տանը պարտվեց ՛՛Մանչեսթեր Սիթիին՛՛: Այստեղ գրանցվեց 1-2 հաշիվը:
4-րդ տուրի հանդիպումները կկայանան նոյեմբերի 5-ին եւ 6-ին: