Սեյրան Օհանյանը պայմանավորվածություն է ձեռք բերել
Հոկտեմբերի 21-23-ը Բրյուսել կատարած այցելության շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների իր գործընկերների հետ:
Մասնավորապես` տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերն ամփոփել են վերջին ժամանակահատվածում կատարված աշխատանքները և նախանշել են հետագա համագործակցության հեռանկարները:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելությանը իտալական ստորաբաժանման կազմում հայկական զորախմբի միանալու նախապատրաստական աշխատանքներին առնչվող հարցեր:
Կողմերը պայմանավորվել են կարճ ժամանակում ավարտին հասցնել ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում հայ խաղաղապահների ընդգրկման հետ կապված իրավական ընթացակարգերը և սկսել առաքելության իրականացմանն առնչվող գործընթացներ:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի հանդիպումը Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` ԱՄՆ Խաղաղապահության նախաձեռնություններին աջակցող GPOI ծրագրի շրջանակներում ՀՀ խաղաղապահ կարողությունների զարգացմանը և ՀՀ-ում խաղաղապահ ուսումնական կենտրոնի ստեղծման աշխատանքներին, ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններում և վարժական կենտրոններում ՀՀ անձնակազմի անհատական և ստորաբաժանման կազմով անցկացվող դասընթացներին և վարժանքներին, ՀՀ զինված ուժերում համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային և մարտավարական ուսումնավարժական կարողությունների ստեղծմանը և երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա դեկտեմբեր ամսին Երևանում անցկացվելիք հայ-ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցությունների ընթացքում երկկողմ համագործակցության հարցերը հանգամանալից քննարկելու վերաբերյալ: