Երեք նախագահներից էլ արձագանք եղել է. Իսագուլյանը դիմելու է Բակո Սահակյանին

”Հենարան” մամուլի ակումբում “Ազգային անվտանգություն” կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանն այսօր ընթերցեց ՀՀ երեք նախագահներին ուղղված իր նամակը եւ կրկին ներկայացրեց նրանց հանդիպման իր գաղափարը:
“Լավագույն ֆորմատը, կարծում եմ, կլինի այն, որ հանդիպեն ՀՀ երեք նախագահները, ԼՂ երկու նախագահներն ու երկու վեհափառ հայրապետերը”,- ասաց Գ. Իսագուլյանը:
“Սեպտեմբերի 3-ին հայտարարվեց, որ Հայաստանը կմիանա Մաքսային միությանը, փաստվեց ազգային անվտանգության հարցը: Մենք փաստորեն հայտարարեցինք, որ չենք կարող պահել մեր ազգային անվտանգությունը: Դա կամ սխալ վարած քաղաքականության արդյունք է, կամ կա թաքնված պատճառ, որը պետք է ասվի”,- նշեց Գառնիկ Իսագուլյանը` ասելով, թե ինչու է պետք, որպեսզի նախագահները հանդիպեն:
Նա նշեց նաեւ, որ եթե Հայաստանը չի կարող երաշխավորել իր անվտնագությունը, ինչպե՞ս կարող է երաշխավորել ԼՂ-ի անվտանգությունը:
“Դա կլինի նախագահների խորհուրդ, մարդիկ կնստեն ու կբանակցեն կարեւոր հարցերի շուրջ: Այլապես պարզ չէ, թե որտեղ են տեղի ունենում քաղաքական կարեւոր քննարկումները”,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք նախագահների անձնական ամբիցիաները թույլ կտան նրանց նստել բանակցությունների սեղանի շուրջ` Գ. Իսագուլյանը նշեց, որ նրանք պետության գլուխ են եղել եւ չեն կարող մի կողմ չթողնել անձնական ամբիցիաները:
Գառնիկ Իսագուլյանն ասաց նաեւ, որ երեք նախագահներից էլ արձագանք եղել է իր նամակին: Նա նշեց նաեւ, որ պատարստվում է մեկնել ԼՂ, որտեղ ցանկանում է հանդիպել Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին եւ նրանցից խնդրելու է փորձել կյանքի կոչել իր նախաձեռնությունը: