27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սևանա լճում պաշտոնապես բացվել է 2017 թվականի լողաշրջանը

 Հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի հարակից հանրային թիվ 1 լողափում տեղի է ունեցել Սևանա լճում լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը:  Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանը, Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների պատասխանատուներ, ՀՀ քաղաքացիներ: Միջոցառման մշակութային մասն ապահովել էին Սևան քաղաքի մշակույթի տան ստեղծագործական խմբերի սաները:

     ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ներկաներին շնորհավորել է լողաշրջանի բացման կապակցությամբ  և մաղթել ակտիվ և անվտանգ հանգիստ: «Սևանը լինելով համաժողովրդական սեփականություն և ազգային հարստություն` պետք է հավասարապես հասանելի լինի մեր յուրաքանչյուր քաղաքացուն: Այս նպատակով էլ ՀՀ Նախագահի հանձնարարականով 2011 թվականից մեկնարկեց Սևանա լճի ափերձ տարածքներում հանրային լողափերի ձևավորման աշխատանքները, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա անվճար հանգստանալ Սևանա լճի լողափերում: Առանձնահատուկ կարևորում եմ նաև ՀՀ վարչապետի վերջին հանձնարարականները` Սևանի զարգացման ծրագրերն առաջ մղելու ուղղությամբ: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որ Սևանն, իր էկոլոգիական հավասարակշռությանը համապատասխան, դառնա տարածաշրջանում գրավչություն ունեցող, ժամանակակակից, կայուն զարգացմանը համապատասխանող վայր»,- նշել է Ա. Մինասյանը և կոչ արել բոլորին մասնակցել այդ գործընթացին: Տեղեկացնելով, որ այդ նպատակների համար ակնկալվում են խոշոր ներդրումներ` բնապահպանության նախարարը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն անելու է առավելագույնը, որպեսզի Սևանում իրականացվող որևէ գործողություն չվնասի լճի էկոհամակարգին, ապահովվի բնապահպանական, սոցիալական և տնտեսական շահերի համադրում և քաղաքացիների հանգստի կազմակերպումը լինի լիարժեք:

   ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նպատակադրված են ՀՀ բնապահպանության նախարարության հետ հետևողականորեն ավելացնել հանրային լողափերի թիվը:

 Սևանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանն էլ իր ելույթում քաղաքացիներին հորդորել է ամառային տապից պաշտպանվել Սևանի լողափերում:

    Հանդիսավոր բացման արարողությունը շարունակվել է ավանդական երգ ու պարով:

   ՀՀ բնապահպանության նախարարը շրջայց է կատարել Սևանա լճի առափնյա հատվածներում, ծանոթացել Ծովագյուղ համայնքին հարակից  ամենամեծ` թիվ 8 հանրային  լողափի /9 հեկտար տարածք/  ստեղծման նախագծային աշխատանքներին: Արծվիկ Մինասյանը եղել է նաև թույլատրելի նիշից ներքև կառուցված և ներկայում Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ եղած շինություններին և ենթակառուցվածքներին գտնվելու վայրերում, տեղերում քննարկել խնդիրները և տվել համապատասխան ցուցումներ ՀՀ բնապահպանության նախարարության և «Սևան» ազգային պարկի  պատասխանատուների:

 

Տեղեկանք

Համաձայն ՀՀ Կառավարության 28.04.2011թ.-ի N 527-Ն, 07.06.2012թ.-ի N 752-Ն և 01.10.2015թ.-ի N 1122-Ն որոշումների՝ «Սևան» ազգային պարկի տարածքում ստեղծվել է 8/ութ/ հանրային լողափ, ընդհանուր 28.16 հա մակերեսով, որից.

N 1 հանրային լողափ  – 1.39 հա (Սևան համայնք)

N 2 հանրային լողափ  – 1.82 հա (Սևան համայնք) 

N 3 հանրային լողափ –  5.5 հա (Սևան համայնք)

N 4 հանրային լողափ  –  5.0 հա (Դրախտիկ համայնք)

N 5 հանրային լողափ  – 1.37 հա (Լճաշեն համայնք)

N 6 հանրային լողափ  – 3.3 հա (Ծովազարդ համայնք)  

N 7 հանրային լողափ  – 0.78 հա (Նորատուս համայնք)

N 8 հանրային լողափ – 9.0 հա (Ծովագյուղ համայնք)

8 հանրային լողափերից կահավորված են N1, N2 և N3-ը, N8-ի համար կազմվել են նախագծա-նախահաշվային փաստաթղթեր, սակայն ֆինանսական միջոցների  բացակայության պատճառով դեռ չի կահավորվել, իսկ մնացած 4-ը՝ ընհանրապես կահավորված չեն և նախատեսված են կարճատև հանգստի համար:

N1, N2 և N3 հանրային լողափերը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով՝ տապչաններ, հովանոցներ, սանհանգույցներ, խաղահրապարակներ, ավտոկայանտեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետեր, փրկարարական կետեր:

Հանրային լողափերում  տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ