Լևոն Սարգսյանի համար անակնկալ չէր եղբոր որոշումը /վիդեո/
Հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը տեղյակ չի եղել եղբոր` ՀՀ նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին: Այս մասին Լ. Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում: Հարցին, թե իր համար անակնկալ էր իր այդ որոշումը, նա պատասխանեց. ՛՛Ոչ, ինձ համար անակնկալ չէր: Ես տեղյակ չէի, բայց ուղղակի մտածում էի, որ այդպես էլ պետք է լինի, որովհետև չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք այդքան շատ հանգիստ, արագ փոխել անվտանգության համակարգը՛՛:
Սարգսյանը նշեց, որ սա ընդունելի որոշում է: Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ ևս Հայաստանն ինչ-որ բան ստորագրելու է: Հարցին, թե ինչ փաստաթուղթ կստորագրվի, դեսպանն ասաց. ՛՛Փաստաթուղթը կստորագրվի, կիմանանք՛՛:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե արդյոք նախագահ Սարգսյանը եղբոր հետ քննարկում է իր որոշումները: ՛՛Ոչ, իհարկե՛՛,-ասաց ու հավելեց. ՛՛Որպես եղբայր, իհարկե, հաճախ եմ հանդիպում, և դա որևէ մեկը չի կարող քննարկման նյութ դարձնել:
Իսկ պետական հարցերում, եթե դա իմ բնագավառին չի վերաբերվում, մենք չենք քննարկում՛՛: Իսկ արդյոք միշտ է համակարծիք լինում եղբոր որոշումներին, կրտսեր Սարգսյանն արձագանքեց. ՛՛Բարձրաստիճան պաշտոնյան չի կարող համակարծիք չլինել երկրի ղեկավարի հետ՛՛: