Ակնհայտ է, թե ով կլինի վարչապետը 2018-ին
«Եղան տեսակետներ, արտահայտվեցին մտքեր, որ կարելի էր այլ բառապաշարով արտահայտել, ահա և վերջ, պետք է անցնենք առաջ ու գնանք այդ փաստաթղթի ստորագրմանը: Ես նախադրյալներ չեմ տեսնում, որ փաստաթուղթը չստորագրվի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն` անդրադառնալով ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին ու ՀՀԿ-իեց եղած արձագանքներին: «Չեմ տեսնում որևէ գործընթաց, որ կարող է իր հետևանքներն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վատացման վրա»,-նկատեց նա, հավելեց, որ որևէ արտառոց բան չկա:
ՀՀԿ-ական պատգամավորն ընդգծեց, որ իհարկե, իրենք շնորհակալ են Արևմուտքին ցուցաբերված օժանդակության համար ընտրությունների կազմակերպման հարցում: «Կարծում եմ, որ մեր գործընկերներն իրենց արտահայտություններն անելիս հավանաբար ոչ թե ուղիղ ցուցումի ձևով պիտի խոսեն, այլ բարի ցանկություններ տեսքով, դիվանագիտական լեքսիոկոնով, հիմա ամեն ինչն անցյալում է, ու մենք պիտի նայենք դեպի ապագա համագործակցություն»:
Ինչ վերաբերում է վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված «Ելքի» հարցադրումներին, թե ի վերջո, պարզ չի, թե ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո, Սամվել Նիկոյանն ասաց, որ դրանք կոռեկտ հարցադրումներ չէին:
Ըստ նրա` եթե Կարեն Կարապետյանն ու նրա ղեկավարած գործադիր մարմինը կարողանան հաջողություններ ունենալ, ինչում ինքը վստահ է, հենց նրանք էլ կշարունակեն պաշտոնավարել:
«Ակնհայտ է, որ 2018 թվականին կլինի հաջողություն գրանցած վարչապետը, իսկ ես վստահ եմ, որ Կարեն Կարապետյանն ի վիճակի է հաջողություններ գրանցել»,-եզրափակեց նա: