Մարզաառողջարանային ճամբարներում երեխաների հանգստի կազմակերպման ծրագիրն այս տարի կմեկնարկի հունիսի 15-ից
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, աշխատակազմի հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում վարչական շրջանների սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հանգիստը մարզաառողջարանային ճամբարներում պատշաճ մակարդակով կազմակերպելու ուղղությամբ: Այս տարի ծրագիրը կմեկնարկի հունիսի 15-ից: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի վարչությունների և բաժինների պատասխանատուներին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է, վերջին տարիներին ձևավորված բարի ավանդույթի համաձայն, այս տարի ևս պարբերաբար անձամբ այցելել ճամբարներ, ծանոթանալ երեխաների առօրյայի և հանգստի կազմակերպման պայմաններին:
Ի կատարումն քաղաքապետի հանձնարարականի` նախորդ շաբաթ աշխատակազմի հանրակրթության և վերահսկողության վարչությունները շարունակել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մատակարարվող սննդի որակի և պահպանման պայմանների ուսումնասիրությունները: Արդյունքում խախտման դեպքեր չեն գրանցվել: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հսկողությունն ու անակնկալ ստուգումները:
Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետին հանձնարարվել է նաև հսկողություն սահմանել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում 2016-2017 ուսումնական տարվա ավարտական քննությունների պատշաճ կազմակերպման և անցկացման ուղղությամբ: