Երկու տարի պատանդ եմ եղել. գնդապետը բանտից շտապում է Ազատության հրապարակ/տեսանյութ/
Րոպեներ առաջ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց 6 տարվա ազատազրկման դատապարտված պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Գնդապետը բանտից դուրս եկավ ծաղիկները ձեռքին, որոնք նվիրեց իրեն դիմավորելու եկած կանաց եւ աղջիկներին, լրագրողներին:
«Իմ աճեցրած վարդեն են»,-ասաց: Վոլոդյա Ավետիսյանին դիմավորելու էին եկել մարտական ընկերները, ընտանիքի անդամներն ու հարազատները, որոնք ավելի ուշ հասան, քան գնդապետը դուրս կգար ՔԿՀ-ից: Պապին դիմավորելու էր եկել նաեւ թոռնիկը՛ Վոլոդյան, ով ծնվել է նրա կալանավորվելուց հետո: Ներկաները հուզվեցին նրանց հանդիպման տեսարանից:
Լրագրողների հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ այս պահին պատրաստվում է գնալ Ազատության հրապարակ, որտեղ անժամկետ նստացույց կհայտարարի դատապարտյալների իրավունքների պաշտպանության պահանջով:
«2 տարի պատանդ եմ եղել այս պետության ձեռքին, քանի որ եթե համաներումը եւ վաղաժամկետ ազատման իրավունքը կիրառվեր, երկու տարի առաջ ազատության մեջ կլինեի» ,-հայտարարեց Վոլոդյա Ավետիսյանը:
Հիշեցնենք, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել էր 6 տարի 6 ամիս ազատազրկման: Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում է խարդախության մեջ: Մեղադրանքն առաջադրվել էր այն փուլում, երբ Վոլոդյա Ավետիսյանը ազատամարտիկների հետ Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացրել:
Մանրամասները՝ տեսանյութում: