Թեժ կրքեր լոլիկի ներկրման շուրջ
Թուրք ֆերմերի կողմից թունավոր լոլիկների` Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտարարությունը վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ խիստ մտահոգության առիթ է հանդիսացել:
Հաշվի առնելով, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ կողմից հասարակությանը չեն տրվել սպառիչ պատասխաններ առ այն, թե ինչ քայլեր են իրականացվել ներմուծված ապրանքի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև առկա չէ տեղեկատվություն առ այն, թե արդյոք Թուրքիայից Հայաստան ներմուծվող սննդամթերքը ենթարկվում է առողջական ռիսկի գնահատման թե ոչ, և ինչ ռիսկեր են առկա ազգաբնակչության համար, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվական – վերլուծական կենտրոնի կողմից իրականացվել է ուսումնասիրություն՝ հնարավոր վտանգների բացահայտման և ռիսկի շրջանակի հատկորոշման նպատակով:
Կենտրոնի կողմից կապ է հաստատվել սննդամթերքի ռիսկերի գնահատման եվրոպական գործընկերների հետ՝ պարզելու, թե ընթացիկ տարում հայտնաբերվել են արդյոք վտանգներ թուրքական բուսական ծագման մթերքներում: Արդյունքում պարզվել է, որ ընթացիկ տարում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ, այդ թվում՝ առողջության համար բարձր ռիսկ պարունակող մթերքներ, ինչի արդյունքում ԵՄ սահմանային հսկիչ մի շարք կետերում կասեցվել են Թուրքիայից արտահանված մի շարք բուսական ծագման մթերքներ, և բոլոր խախտումները ծանուցված են նաև սննդամթերքի և անասնակերի անվտանգության արագ արձագանքման պորտալում (RASFF): Բացի այդ ուսումնասիրվել է գիտական գրականություն՝ պարզելու արդյոք առկա են հետազոտություններ թուրքական բանջարեղենում, այդ թվում լոլիկում թունաքիմիկատների պարունակության և վերջիններիս թունավորության գնահատման վերաբերյալ: Ռիսկի շրջանակի որոշման համար ուսումնասիրվել են ինչպես սննդի և անասնակերի արագ արձագանքման համակարգում առկա տեղեկատվությունը, այնպես էլ գիտական գրականությունը, համադրվել են ստացված տվյալները, և փաստվել, որ Թուրքիայում բույսերի հիվանդությունների պայքարում օգտագործվող թունաքիմիկատները հաճախ պարունակում են բարձր ռիսկ՝ սպառողների առողջության հետ կապված:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում իսկապես լայն տարածում է գտել թունաքիմիկատների ինտենսիվ կիրառությունը բանջարեղենի, այդ թվում լոլիկի արտադրության մեջ: Գիտական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են Թուրքիայում և հրապարակվել 2016թ. Ագրոնոմիայի ժողովածուի LIX հատորում, փաստում են, որ ացետամիպրիդի, էնդոսուլֆան բետայի և քլորպիրոֆոսի կոնցենտրացիաները լոլիկում գերազանցում են առավելագույն թույլատրելի շեմը, մասնավորապես՝ դեկտեմբեր ամսին, իսկ քլորպիրոֆոսը՝ հունվարին: Բացի այդ, արգելված պեստիցիդների պարունակություններ են հայտնաբերվել լոլիկում, մասնավորապես էնդոսուլֆան (ալֆա և բետա) և տետրադիֆոն, հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված պարունակությունները սպառողների առողջության վրա կարող են թողնել թունավոր ազդեցություն: Արդյունքում առաջարկվել է մշակել պեստիցիդների մոնիթորինգի համակարգ՝ սպառողների առողջական ռիսկը նվազեցնելու նպատակով:
RASFF համակարգում ևս առկա է տեղեկատվություն թուրքական բուսական ծագման մթերքում քիմիական վտանգների բարձր մակարդակների հետ կապված, ինչի արդյունքում Թուրքիայից արտահանվող բուսական ծագման մթերքը, այդ թվում՝ թարմ-պտուղ բանջարեղենը, մերժվել են: Միայն 2017 թ. ապրիլի 4-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է քիմիական վտանգների հետ կապված 10 դեպք, ինչի արդյունքում թուրքական ապրանքները կասեցվել են Ֆրանսիայի, Լեհաստանի, Իսպանիայի և Բուլղարիայի սահմաններում: Թունաքիմիկատներից հայտնաբերվել է պրոքլորազի, ացետամիպրիդի և տուբեկոնազոլի բարձր պարունակություններ տարբեր բանջարեղեններում՝ քաղցր պղպեղ, նուռ: Հայտնաբերվել են նաև այլ տիպի քիմիական վտանգներ՝ աֆլատոքսին Բ1, օխրատոքսին Ա և սուլֆիդներ՝ չրեղենում և քիշմիշի չամիչում:
Պետք է շեշտել, որ առանց քիմիական ռիսկերի գնահատման հնարավոր չէ պարզել՝ երաշխավորվել է արդյոք սպառողների անվտանգության ապահովումը:
Լիազոր մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից շրջանառվել է նաև վարկած, որ իրենց տվյալներով Թուրքիայից Հայաստան լոլիկ չի ներկրվել:
Այս հայտարարությունն ավելի մտահոգիչ է դարձնում ստեղծված իրավիճակը, քանզի իրացման ցանցում, բացառությամբ վերջին երկու շաբաթի, թուրքական լոլիկ իրացվել է այսօրվա շուկայական գնից էականորեն էժան գնով: Դա է վկայում նաև բավականին մեծ թվով թուրքական լոլիկի արկղերի առկայությունը իրացման ցանցում:
Ստացվում է, որ լիազոր մարմինը չի վերահսկել իրացման ցանցը, ինչից կարելի է ենթադրել, որ իրացվող խմբաքանակը չի ենթարկվել փորձաքննության որևէ ցուցանիշի նկատմամբ:
Հաշվի առնելով, որ սահմանային անվտանգության ապահովումը կարևորվում է կենսաահաբեկչության կանխարգելման և ազգային անվտանգության ապահովման տեսանկյունից, անհրաժեշտ է նշված դեպքը դիտարկել նաև այս համատեքստում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է.
Տեղեկացնում եմ, որ այս տարվա ընթացքում, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տվյալներով, Թուրքիայից լոլիկ չի ներկրվել Հայաստան: Եթե անգամ շատ հակված ենք հավատալու մեկ թուրք արտադրողի խոսքին, եկեք հաշվի առնենք նաև այս հանգամանքը եզրահանգումներ կատարելիս: