Թուրքիան գնալով ավելի վտանգավոր երկիր է դառնում
«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկմանը տեսակամուրջի միջոցով միանալով, խոսեց Թուրքիայում տեղի ունեցած հանրաքվեի մասին։
Նա նշեց, որ Ստամբուլի հայերի մեծ մասը՝ մոտ 80 տոկոսը, «ոչ» է ասել հանրաքվեի ժամանակ։
«Սահմանադրական այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: Թուրքիան ուղղություն էր վերցրել դեպի Արևմուտք, ձգտում էր մոտ լինել արևմտյան բարքերին, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ ուղղությունից լրիվ շրջված է»,- ասաց նա՝ նշելով, որ Թուրքիայի ապագայի հետ կապված մտահոգություններ կան։
Խոսելով հայ-թուրքական հարաբերություններից՝ Էստուկյանը ասաց, որ Հայաստանի համար ավելի լավ է Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը:
«Միգուցե բարեբախտություն է, որ Հայաստանն ու Թուրքիան չեն հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Եթե դրացին բարի չէ՝ լավ է, որ բարիդրացիական հարաբերություններ չլինեն»,- ասաց նա՝ նշելով, որ լավ կլիներ, որ երկու երկրների միջեւ նորմալ հարաբերություններ լինեին։
«Բայց քանի որ բարիդրացիական չեն, ավելի լավ է ոչ մի հարաբերություն էլ չլինի: Եվ թող մնա՝ ինչպես այսօր է»,- ասաց նա։
Նա նշեց, որ Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեից հետո այդ երկրից հեռու մնալն ավելի ճիշտ է:
«Թուրքիան ավելի ու ավելի վտանգավոր երկիր է դառնում, այնպես որ՝ ավելի լավ է նրանից հեռու մնալ»,- նշեց Էստուկյանը: