Սպառողները կապահովվեն Գառնու քաղցրահամ ջրով
Այսօր առավոտից, ինչպես եւ Վեոլիա Ջուր ՓԲԸ ապրիլի 13-ի մամուլի հաղորդագրության միջոցով տեղեկացրել էր սպառողներին, 12 ժամով դադարեցվել է Երեւանի եւ Արարատի մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ` Արցախի պողոտայի, Վարդաշեն և Սարի Թաղ թաղամասերի, Երևանի ՋԷԿ-ի, Նաիրիտ գործարանի, Նուբարաշեն վարչական շրջանի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծխախոտագործների, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարների և նրբանցքի, Խորենացու փող. 28-ից բարձր համարների և 3-րդ փակուղու, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության շենքերի, Շենգավիթ վարչական շրջանի` Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ, Նոր Կյուրին համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
Պատճառը Գառնու ձորում «Գառնի-Երևան» և «Գառնի-Երասխավան» ջրատարների միջև միջանկյալ միացումներ տալու անհրաժեշտությունն է: Բանն այն է, որ Գառնիի կիրճով են անցնում նախկին «Հայջրմուղկոյուղու» և «Երևան Ջրի» մայրուղային ջրատարաները, որոնք էլ ներկա պահին փոխկապակցվում են` Երևանի և Արարատի մարզի նշված տարածքներում հավասարաչափ քանակությամբ և ճնշումով ջուր ուղղորդելու համար:
Այս մեկ կանգառով Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արևելք» Տարածաշրջանի Տնօրինությունը աշխատանքներ է իրականացնում միանգամից մի քանի հատվածներում: «Արևելք» ՏՏ փոխտնօրեն Գաբրիել Մելիքսեթյանը Գառնու կիրճից հեռախոսով հաղորդում է, որ ներկա պահին Գառնու կիրճում, Զովաշեն, Քաղցրաշեն գյուղերում փականների տեղադրման աշխատանքներ են ընթանում, իսկ Նուբարաշենի մոտ նախկին 200 մմ-ոց միացումը մեծացնում են, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ ջուր ուղղորդել «Խարբերդ» օրվա կարգավորիչ ջրամբար: Աշխատանքի արդյունքում նշված ջրամբարից սնվող Մասիս քաղաքն ու նշված գյուղերը Արարատյան դաշտի խորքային հորերի ջրերի փոխարեն կապահովվեն Գառնու քաղցրահամ ջրով:
Վեոլիա Ջուր ՓԲԸ