Ծառատունկ՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմում զոհված հերոսների
Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի անց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի պուրակում այսօր պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորները մշակույթի մի շարք գործիչների հետ միասին` կազմակերպել էին ծառատունկ՝ ի հիշատակ իրենց զոհված մարտական ընկերների։
Տղաները նշեցին` հպարտ են, որ այդպիսի ընկերներ են ունեցել, ինչպես նաև հպարտ են այն բանի համար, որ ծառատունկն անցկացվում է Տիգրան Մանսուրյանի, երգահան Արա Գևորգյանի, Կոնստանտին Օրբելյան կրտսերի, «Կյանք ու կռիվ» ֆիմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանի հետ միասին։
Մաեստրո Մանսուրյանը, մոտենալով տղաներից մեկին` ասաց.
«Տո’ւր ձեռքդ, Դանիել, Աստվածաշնչի Դանիելն ես դու, որին չկարողացան առյուծներն ուտել, ապերի՜կ, ինչ անուշ տղա ես դու, ես էլ քո անուշ պապիկն եմ»: Այնուհետև Դանիել Դավթյանն ու Մանսուրյանը տնկեցին ծառը:
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց` հասցրել է ապրիլյան պատերազմի մասնակից հերոս տղաների հետ ընկերանալ. «Շատ երկար ամիսներ է արդեն այդ ընկերությունը մեզ կապում տղաների հետ, պարզ, մարդկային հարաբերություններ է ստեղծվել։ Ես ոչ միայն բոլորի անունները գիտեմ, այլև նրանց ընտանիքներում եմ եղել։ Արկադին, առհասարակ, եկավ, մեծ դժվարությամբ քայլելով, բայց ավելի մեծ նվեր, քան իր քայլելը Նոր տարուն, չունեի», – ասում է նա։
«Կյանք ու կռիվ» ֆիմի գլխավոր դերակատար Սամվել Թադևոսյանն էլ նշում է, որ սիրով ու առանց մտածելու միացել է տղաների կազմակերպած ծառատունկին։
«Ցանկացած նման ակցիա ես կարևորում եմ, դրա համար էլ այստեղ եմ, շատ լավ էր», – նշում է նա։