Ֆինանսական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի ստարտափներին (տեսանյութ)
200.000 ԱՄՆ դոլար մասնավոր ընկերությունների կողմից ստարտափներին` նորարար գաղափարներ կյանքի կոչելու համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում մարտի 29-ին կայացած ասուլիսում նախարար Վահան Մարտիրոսյանը և գործարարներ Արա Յաղջյանն ու Էդուարդ Մարությանը ներկայացրին ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունների ֆինանսավորման համատեղ նախաձեռնությունը:
«Ամիսներ շարունակ նախարարությունում ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ Հայաստանում բիզնես սկսող ընկերությունները, ունենալով փայլուն գաղափարներ, հաճախ հանդիպում են ֆինանսական դժվարությունների, և կայացած ընկերություններին առաջարկեցինք աջակցել սկսնակներին»,-ներկայացրեց Վահան Մարտիրոսյանը:
«Ռիսկերի ճիշտ գնահատման և ճիշտ ընտրության դեպքում կատարված ներդրումը կարող է լինել շահութաբեր այն կատարողի համար: Գործընկերներիս հետ համատեղ որոշում կայացրինք սկսել պիլոտային ծրագիր` մի քանի գաղափարների և ստարտափների աջակցելու նպատակով»,- ասաց «Զանգի» ընկերության համահիմնադիր Էդուարդ Մարությանը:
Այս փուլում նախատեսվում է ֆինանսավորել 10 գաղափար: Հայտերը կընդունվեն մինչև ապրիլի 13-ը: Գաղափարները պետք է վերաբերեն ՏՀՏ (ծրագրային ապահովում, ինտերնետ, թվային մեդիա, մոբայլ տեխնոլոգիաներ), ճարտարագիտության (սարքավորումներ, ծրագրային ապահովում և էլեկտրոնիկա), մաքուր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներին:
Նախաձեռնության մասնակից, գործարար Արա Յաղջյանի խոսքով` ծրագիրը կարող է լավ խթան դառնալ երիտասարդ ձեռներեցների և, առհասարակ, ՏՏ ոլորտի զարգացման համար: «Մենք տրամադրելու ենք ոչ միայն ֆինանսական, այլև խորհրդատվական, հաշվապահական աջակցություն: Դրանից բացի, այդ ստարտափները կարող են օգտվել մեր ռեսուրսներից, կապերից»,- ընդգծեց Արա Յաղջյանը:
Նախարարը շեշտեց, որ ծրագրի ներկայի բյուջեն նախնական է, և արագ աճի պոտենցիալ ունի` հասնելով միլիոնների: Ծրագրի հաջողության դեպքում նախատեսվում է ստեղծել մասնավոր վենչուրային հիմնադրամ` «բիզնես հրեշտակներ»-ի (angel investor) մասնակցությամբ: «Բիզնես-հրեշտակները» ներդրողներ են, ովքեր պատրաստ են իրենց ազատ գումարները ներդնել որևէ ՏՀՏ նախագծում՝ շահաբաժին ստանալու ակնկալիքով:
Հիմնադրամը կլինի Հայաստանում իր տեսակի մեջ առաջինը, որովհետև կֆինանսավորի ոչ թե արդեն ստեղծված ընկերություններ, այլ հենց բիզնես գաղափարը` սկզբնական փուլում:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…