Դաշնակցությունն ընտրել է «զարգացում՝ առանց զիջման» սկզբունքը
Հայ Յեղափոխական Դաշնակցությունն` իր պատմության 127 տարիների ընթացքում, ոչինչ չի խնայել անկախ պետականության վերակերտման համար: Արցախյան ազատագրական շարժումը Դաշնակցությունը համարում է Հայ Դատի պայքարի անբաժանելի մասը եւ Միացյալ Հայաստանի կերտման գերագույն նպատակի իրագործման կարեւորագույն փուլ:
ՀՅԴ-ն հավատացած է, որ մեր անկախ պետականության վերակերտումը սկսվել է Արցախյան գոյամարտով եւ Հայաստանի զարգացումն ու գոյատեւումը պայմանավորված է հենց այդ հաղթանակով:
Դաշնակցությունն ընտրել է «զարգացում առանց զիջման» սկզբունքը: Մենք հավատացած ենք, որ Հայաստանի ներքին տնտեսական, հասարակական հարցերը շատ ավելի արդյունավետ լուծումներ կունենան, եթե ոգեշնչված Արցախյան պայքարի հաղթանակով, ազգային տեսլականներով՝ լծվենք արդար Հայաստանի կերտման գործին: Արցախյան հաղթանակը պետք է դիտվի՝ որպես ազգային ոգեշնչման եւ հայրենակերտման մեկնակետ:
Դաշնակցությունը՝ որպես Արցախի պետականության կերտման դերակատար, միշտ եղել է ինքնորոշված Արցախի կողքին եւ այժմ եւս իր նախընտրական ծրագում մեծ տեղ է տվել Արցախի հիմնախնդրին:
Սիրե՛լի հայրենակիցներ,
ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեն՝ որպես ՀՅԴ մեծ ընտանիքի մի մասնիկ, կոչ է անում ՀՀ մեր հայրենակիցներին` ապրիլի 2-ին լինել Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության կողքին, որպեսզի կարողանանք մեր Հայրենիքում ապահովել նոր սկիզբ, ուր կգերիշխի արդարությունը, ազատ ապրելու իրավունքն:
ՀՅԴ Արցախի ԿԿ