06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լորենց Առուշանյանը իր ուրույն հետքը թողեց հայ թատերարվեստում

   Հայ թատերարվեստը ծանր կորուստ կրեց: 2017 թվականի մարտի 26-ին, 82 տարեկան հասակում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Լորենց Առուշանյանը:

Լորենց Սուլեյմանի Առուշանյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 6-ին: 1953-57 թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական  ինստիտուտի  դերասանական ֆակուլտետում՝ Վավիկ Վարդանյանի  արվեստանոցում: Ավարտելուց հետո  շուրջ 5 տարի աշխատել է  Լենինականի Մռավյանի անվան պետական  դրամատիկական թատրոնում,  այնուհետև`  Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական  թատրոնում: 1964 թվականից աշխատել է  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում:

Լորենց Առուշանյանը առաջին իսկ բեմելով դրսևորեց բացառիկ տաղանդը: Մտավորականի, ազնվագույն մարդու իր մեղմ, զուսպ և կիրթ կերպարով, նա հաջողեց բեմում և կինոյում`  կերպավորումներում  անմահանալով որպես  ներքին  փոթորկումների  և ապրումների դերասան, ինչը  բացառիկ  շնորհ է  մեր արտիստական  աշխարհում:

   Թատրոնում և ֆիլմերում խաղացած դերերից աչքի են ընկել իշխան Միշկինը  (Դոստոևսկի «Ապուշը»), Վասիլը (Հարությունյան «Ղազարը գնում է պատերազմ»), Մոորը (Շիլլեր «Ավազակներ»), Կասիոն (Շեքսպիր «Օթելլո»), Ադամյանը (Հարությունյան «Խաչմերուկ»), Մորգենթաունը (Զեյթունցյան «Ոտքի, դատարանն է գալիս»), Վանահայրը (Շանթ «Հին աստվածներ»), Գաևը (Չեխով «Բալի այգին»), Բոկան (Նիկոլայի «Վերադարձ Սորենտո»), Տեր Հայկազուն (Վերֆել «Մուսա Լեռան 40 օրը»), «Նվագախմբի տղաները», «Ջրհորի մոտ», «Այդ  քաղցր բառը՝ ազատություն», «Ամեն ինչ նորից»: Նշանակալից դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում:

 1957 թվականից Հայաստանի թատերական գործիչների միության  անդամ  է: 1984 թվականին նրան շնորհվել է ՀԽՍՀ  վաստակավոր  արտիստի կոչում, իսկ 2003 թվականին` ՀՀ  ժողովրդական արտիստի կոչում:

Լորենց Առուշանյանը իր ուրույն հետքը թողեց հայ թատերարվեստում:

Նրա պայծառ հիշատակը երկար կմնա գործընկերների, մտերիմների, թատերասեր  հասարակության սրտերում:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Լորենց Առուշանյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:

Լորենց Առուշանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 28-ին, ժամը 18:00-20:00-ն, Նոր Նորքի 5-րդ զանգվածի Ս. Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտը` մարտի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական  թատրոնում: Հուղարկավորությունը` ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:

  Կառավարական հանձնաժողով

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ