27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քաղաքական ուժերն արձագանքում են «Սասնա ծռերին»

«Սասնա ծռեր» խմբավորումը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որով կոչ էր անում աշխարհազոր ստեղծել ու սկսել ընդվզում, ըստ այդմ` գնալ համաժողովրդական ապստամբության, բոյկոտել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները` նաև հաշվի առնելով, թե ինչ ընթացք ունի քարոզարշավը:

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադառնալով  «Սասնա ծռեր»-ի կոսչին` մասնավորապես բացասաբար գնահատեցին կոչում ակնարկվող զինված ապստամբության հրահրումը :   «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Վարդան Բոստանջյանն ասաց.

«Ես հասկանում եմ, որ ընդհանրապես հայրենասեր տղաներ են, և երկիրը, հայ ժողովրդին սիրելու կտրվածքով իրենք դիմեցին այդ գործին: Այս պահին գտնվում են դժվարության մեջ, և բնական է իրենց արձագանքը ցանկացած պարագայում: Բայց ես նաև տղաներին կոչ կանեի, որ ընդհանրապես մեր հասարակությանը չտանեինք ավելի մեծ դժվարությունների»:

Պոստանջյանի խոսքով` այս խմբավորումն էլ զգում է, որ ընտրությունները կարող են լինել այնպիսին, ինչպիսին որ միշտ եղել են : «Դրա համար էլ նրանք իրենց անհանգստությունն ու մտահոգությունն են հայտնում, բայց բոլոր դեպքերում հակված եմ մտածելու, որ համբերությամբ լցվենք, չգնանք ավելի մեծ ընդհարումների, որը ժողովրդի համար կարող է ունենալ բացասական հետևանք»:

Ինչ վերաբերում է ընտրությունները բոյկոտելուն, ապա Վ. Բոստանջյանն ասաց, որ քաղաքական ուժերն իրենց դրական ու բացասական վերաբերմունքով ամեն դեպքում պարտադրված են մասնակցելու, քանի որ նման կերպ են տեսնում իշխանափոխությունը:

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի խոսնակ Արմեն Խաչատրյանն ասաց, որ չեն մեկնաբանում այս կոչը:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի խոսնակ Արեգնազ Մանուկյանն էլ հայտնեց, որ երեկ Ալեք Ենիգումշյանն էլ նշել է, որ խոսքը զինված ապստամբության մասին չէ, այլ քաղաքական ապստամբության: «Մենք օրինական բոլոր ճանապարհներով իշխանությունը փոխելու կողմնակից ենք և մեր բոլոր ջանքերը գործադրում ենք այդ ուղղությամբ օրենքի կողմից սահմանված բոլոր դրույթներով և ճանապարհներով»: Իսկ բոյկոտի հարց, Ա. Մանուկյանի փոխանցմամբ, չի քննարկվել դաշինքում: «Հիմա մենք ակտիվ քարոզարշավի մեջ ենք և գնում ենք ընտրությունների` փորձելով ընտրությունների միջոցով փոխել ընտրության արդյունքները»,-շեշտեց նա:

«Ելք» դաշինքի ու «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը բացասաբար է վերաբերում քվեարկությունը բոյկոտելու կոչին: «Որովհետև ի՞նչ է լինելու, դարձյալ «Հանրապետականն» ու «Բարգավաճն» ե՞ն լինելու իշխանության, ու այդպես 5 տարի, հետո՞: Իշխանափոխության համար որևէ այլ ձև չկա, քան քվեարկությունը, և մենք բոլորով պետք է մասնակցենք այդ ընտրություններին ու բարդացնենք ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի կամ իշխանական արբանյակ հանդիսացող կուսակցությունների կողմից միանձնյա իշխանության կազմումը: Մենք պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին և կատարելագործենք ընտրական իրավունքը»,-ասաց Արտակ Զեյնալյանը:

ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը մեզ հետ զրույցում այս հայտարարությունը որակեց անիմաստ: «Կարծում եմ բոլորն էլ համոզված են, որ նման բան չի կարող լինել: Ամեն դեպքում այն քաղաքական ուժերը, որ իրենց ընտրողներն ունեն, մասնակցելու են, և նման կոչերը կազդեն ընտրությունների արդյունքների վրա: Հակառակը` ես կարծում եմ, որ պետք է կոչ անել, որ ավելի ակտիվ ու ինքնուրույն որոշմամբ մարդիկ գնան ընտրությունների, չտրվեն սադրանքների, ընտրակաշառքների, վախի մթնոլորտի:

Վերջիվերջո, մենք պետություն ենք ուզում կառուցել, իսկ օրենքում հստակ սահմանված է, որ իշխանությունը ձևավորվում է ընտրական ճանապարհով: Հետևաբար, պետք է պայքարել քաղաքացիների գիտակցությունը բարձրացնելու»:

Ըստ նրա` ապստամբությունը միայն վերանշյալ ձևով կարող է լինել: Ա. Եղաիզարյանը կարծում է, որ եթե ազնիվ մարդիկ հետևեն այս կոչին, ապա օլիգարխներին, օդիոզ դեմքերին հնարավորություն կտան ավելի ձայն հավաքելու:

«Հայկական վերածնունդ»-ի, Կոմունիստական կուսակցության և «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչների հետ կապ հաստատել դեռեւս չհաջողվեց, այս պահին նրանք քարոզարշի մեջ են: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ