Էս ժողովրդին հիմնականում էս օրը դրել են լրատվամիջոցները. Ծառուկյանը՝ լրագրողներին
Այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակում «Ծառուկյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը հանդիպես դիլիջանցիների հետ:
Դիլիջանցիներից մեկը Գագիկ Ծառուկյանից խնդրեց իրեն օգնել բուժվելու մեկնել արտերկիր: Երիտասարդը պատմեց, որ բանակում է վիրավորվել, բայց Հայաստանում չի կարող բուժվել: Ծառուկյանն էլ խոստացավ օգնել:
Դիլիջանցի պապիկներից մեկը Ծառուկյանին խորհուրդ տվեց հետևել, որ ընտրությունները չկեղծեն:
«Չեն կեղծի, հայրիկ ջան: Ձեր ձայներից է կախված: Դուք եք ամեն ինչ որոշում: Ձայները չեն կեղծի»,- ասաց Ծառուկյանը:
Դիլիջանում Գագիկ Ծառուկյանին զայրացրեց հանդիպմանը ներկա եւ այն լուսաբանող լրագրողների հարցերը: Նա չպատասխանեց ոչ մի հարցի, միայն նշեց. «Էս ժողովրդին հիմնականում էս օրը դրել են լրատվամիջոցները, որ մարդկանց թյուրիմացության մեջ են դնում: Անընդհատ բզբզելով, ձեր էրեսից ժողովուրդն էս օրին է, մարդկանց խառնաշփոթության մեջ են դնում, թե բա բոլոր ուժերը նույնն են, մեկ են: Ինձ համար, իմ ժողովրդի համար ամենակարեւորը իմ 15 կետերն են, որ ես պարտավոր եմ իմ ժողովրդի համար անեմ: Եթե այդ 15 կետերը չեղան, ուրեմն ոչ մի բան էլ չի լինելու»: