Սամվել Բաբայանի պաշտպանի հայտարարությունը
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր հարցաքննվել է. այս մասին Henaran.am-ին հայտարարեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: Վերջինս նշեց, որ Սամվել Բաբայանն անհիմն է համարում մեղադրանքը, որ կա իր դեմ:
Հարցին՝ արդյոք Սամվել Բաբայանն իր ձերբակալությունը քաղաքական է համարում, ինչպես հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, պաշտպանը նշեց, որ նման կարծիք հայտնելու համար, Սամվել Բաբայանը բավարար հիմքեր չունի դեռ. «Ոչ ես, ոչ պարոն Բաբայանը նման կարծիք հայտնելու համար բավարար հիմքեր չունենք»:
Ըստ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության՝ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին ձերբակալված են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը։
Կատարված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով։
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար եւ հանդիսանում է ռազմամթերք։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաեւ ֆինանսավորման աղբյուրները։
Նախաքննությունը շարունակվում է։
Սամվել Բաբայանի ձերբակալությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը որակում է որպես քաղաքական հետապնդում: Սամվել Բաբայանն աջակցում է այս դաշինքին: