«Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել»
Այսօր «Ծառուկյան» դաշինքը քարոզարշավ անցկացրեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում:
«Այսօր ինձ շատերն են մոտենում ու ասում, որ 30-40 տարեկան կանայք աշխատանք չունեն. ոչ թե աշխատանք չունեն, այլ աշխատատեղ չկա: Պետք է 60-65 տարեկան մարդն էլ աշխատի, որ համ եկամուտ ունենա, համ ինքն իրեն լավ զգա: Այսօր բոլորդ վարկերի տակ եք, չէ՞, ու քանի՞ տոկոսով եք վերցնում՝ 25-30: Իրականում բանկային տոկոսադրույքը պետք է լինի 2-5 տոկոս: Տնտեսական ճգնաժամ է, դրա համար կուտակային ֆոնդը պետք է սառեցնել, դրա փոխարեն մեր տարեցներին իրենց ավանդները վերադարձնենք: Եթե ամեն մարզում 20 միլիոն ներդրում լինի, ապա մարզերը միանգամից կզարգանան», – նշեց Գագիկ Ծառուկյանը:
Վերջինս շեշտեց՝ հարկավոր է ընդամենը ժողովրդին սիրել ու մտածել ժողովրդի մասին:
«Եթե կարգին մարդիկ են, ուրեմն ինչի՞ են մյուսներին նեղացնում: Մարդը պետք է գործով ապացուցի: Եթե չես կարող, մի արա, մարդկանց անեծքի տակ մի մտի: Մարդիկ ուզում են լավ ապրել, ուզում են իրենց էրեխեքին հարսանիք անել, թոռ ունենալ: Դրա համար պայման ու հնարավորություն են ուզում», – նշեց Գագիկ Ծառուկյանը: