Ծառուկյանի շտաբի պետը դանակահարվել է իր կուսակցի կողմից. նոր մանրամասներ
«Դանակահարվել է Ծառուկյանի շտաբի պետը Ծառուկյանի մեկ այլ ծտաբի պետի կողմից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ի տարածքային ցուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու, գործող պատգամավոր Արագած Ախոյանն՝ անդրադառնալով այսօր գրանցված միջադեպին: Հիշեցնենք՝ Արագածոտնի մարզում դանակահարության դեպք է գրանցվել, որի մասնակից են դարձել «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Արամ Ասատրյանը և նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։
Ի սկզբանե լուրեր էին տարածվել, որ դանակահարողն իշխանական կուսակցությունից է եղել, սակայն Ա. Ախոյանի փոխանցմամբ՝ այդ կոնֆլիկտ ստեղծողները 2ն էլ նույն կուսակցության ներկայացուցիչներն են, մեկը Խաչատրյան Լյովայի շտաբից է, մյուսը՝ Առուստամյան Նոռայի:
«Ոչ մի այլ կուսակցություն կապ չունի սրա հետ, սա ներքին խմորում է, ներքին ռազբորկա, թող իրենք իրենց ներքին խնդիրները լուծեն նախևառաջ»,-շեշտեց պատգամավորը:
Անդրադառնալով ընդհանուր ստեղծված վիճակին, երբ ՀՀԿ-ի անունը կապում են տարբեր միջադեպերի հետ՝ Ա. Ախոյանը նկատեց. «Մի քիչ անհասց հայտարարություններ են դրան: Ի՞նչ կապ ունի «Հանրապետական» կամ մեկ այլ կուսակցությունը: Հակառակն աշխառում ենք այնպես անել, որ նոր Ընտրական իրագործելի դառնա, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը շատ արդար է, և եթե կուսակցության ներսում խաղի կանոնները պահվեն, թիմային աշխատանքն էլ ավելի էֆֆեկտիվ կստացվի»:
Սակայն, ըստ նրա, շատերն այսօր ընդհանուր շահը ստորադասում են անձնային շահից, և այդ պատճառով էլ նման միջադեպեր են գրանցվում: «Բայց չեմ կարծում, որ դրանք այն չափի են, որ կարելի է այդքան խոսել, բարձրաձայնել և ստվեր գցել այսօրվա ընտրությունների վրա, որ շատ կարևոր են մեր պետության համար: Հենց իշխանության շահերից չի բխում որևէ հարամություն, դաղալություն անելը, որ փորձում են փաթաթել ՀՀԿ-ի վրա»:
Ա. Ախոյանը հիշատակեց, որ ընդդիմադիրները նախօրոք հայտարարում են, որ կեղծված են լինելու, սակայն դա ընդամենը շանտաժ է: «Մենք ամեն ինչ անում ենք, որ բարձր պահենք մեր երկրի պատիվը, որոնք պայմանավորված են ընտրություններով և որոնք մեկ քայլ առաջ են լինելու, և մեր պետությանը համաշխարհային արենայում պիտի ներկայացնեն՝ ըստ արժանվույն»:
Արագած Ախոյանը նաև լրատվամիջոցներին կոչ արեց սենսացիաներ չփնտրել: