«Լավ է, թե վատ, փաստը սա է» (տեսանյութ)
«Քաղաքականության մեջ ոչինչ բացառել պետք չէ, և քանի որ նաև առաջին անգամ չէ, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նախընտրում են իրենց հանդիպումները ընտրողների հետ, այլ ոչ թե պառլամենտ են այցելում, ամեն դեպքում ունենք այն, ինչ որ ունենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով այն փաստին, որ նիստը տապալվում է: Հիշեցնենք, որ ընդամենը 22 պատգամավոր էր գրանցվել, իսկ քվորման համար անհրաժեշտ էր 66:
Նա նշեց, որ դեռ 3 ժամ էլ կսպասեն՝ ըստ կանոնակարգ-օրենքի, և եթե դրանից հետո էլ քվորում չլինի, արդեն կարող են ասել, որ նիստը չի կայանա:
Դիտարկմանը, թե սա էլ պատգամավորների աշխատատեղն է, ու նրանք պարտավոր են ներկա լինել, ԱԺ փոխնախագահն արձագանքեց. «Իհարկե, պարտավոր են, բայց պատգամավորներն առաջնորդվում են իրենց խղճով, ազատ են տնօրինելու իրենց ժամանակը: Նրանք նախընտրել են հանդիպել ուղիղ ընտրողների հետ, դրա համար էլ դատավորը ժողովուրդն է, գնացեք, քվեարկեք այն ուժին, որին վստահում եք: Լավ է, թե վատ է, փաստը սա է»: Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանագամքնի վրա, որ ավելի մոծ տոկոս բացակայողների կազմում էին ընդդիմադիրները:
Հարցին, թե այսինքն՝ առաջիկա ԱԺ-ում էլ կարող ենք նմանատիպ փաստեր արձանագրել, Է. Շարմազանովը պատասխանեց. «Երբեք չեմ հավակնել Վանգայի դափնիները խլելու և չեմ կարող ասել, թե ապագա Ազգային ժողովն ինչ տեսք կունենք, ինչպես կաշխատի, ինչ պատկեր կունենա: Ունեմ նպատակ, ցանկություն, համոզմունք, որ ամեն ինչ պիտի ավելի դրական լինի և ավելի պատասխանատու»:
Մանրամասները՝ տեսանյութում: