Կոնգրեսական Շիֆը առաջարկում է 40 միլիոն դոլարից ոչ պակաս օգնություն տրամադրել Հայաստանին /տեսանյութ/
«Հայ-ամերիկյան հարաբերությունները հիմնված են մեր ընդհանուր հանձնառության վրա դեպի ազատությունն ու ժողովրդավարական արժեքները»,- ասում է ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովին տրամադրած իր գրավոր հայտարարության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը:
Շիֆը ելույթ ունեցավ ենթահանձնաժողովի նիստին, որը նվիրված էր արտաքին հատկացումների գծով 2018 թվականի տարվա բյուջեին:
Կոնգրեսականը անդրադառձել է Հայաստանին ու Ղարաբաղին տրամադրվող օգնությանը և ընդգծել, որ ամերիկյան օգնությունը կարևոր դեր ունի Հայաստանի անկախության ամրապնդման հարցում: Նա կոչ է արել հանձնաժողովին Հայաստանին տրամադրել 40 միլիոն ԱՄՆ դոլարից ոչ պակաս տնտեսական օժանդակություն, ինչպես նաև կարևորել Հայստանին տրամադրվող ռազմական օգնությունը, որը աջակցում է Հայաստանի կարողությանը խաղաղապահ առաքելություններ իրականացնելու հարցում և նպաստում ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների զարգացմանը:
Կոնգրեսականն ընդգծել է, որ աջակցում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության վերաբերյալ՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության գոտում հստակ քայլեր ձեռնարկել հետագա արյունահեղության կանխման համար.
«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին աջակցել շփման գծում մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղակայմանը: Դրանք կարծում եմ, կարող են կանխել ադրբեջանական սադրանքները, որոնք հեշտությամբ կարող են հրահրել ավելի մեծ բախումներ»,- հայտարարել է կոնգրեսական Շիֆը:
Իր հայտարարության տեքստում նա կոչ է արել ենթահանձնաժողովին աջակցել կոնգրեսականներ Ռոյսի ու Էնգելի առաջարկած խաղաղության ծրագիրը, դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և շարունակել ու ընդլայնել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերը ականազերծման, հաշմանդամներին աջակցության տրամադրման և ջրամատակարարման ոլորտներում:
Ադամ Շիֆը նաև ողջունել է Հայաստանի կողմից Մերձավոր Արևելքի փախստականներին ապաստան տրամադրելու փաստը և հանձնաժողովին առաջարկել փաստաթղթում ընդգրկել այս առիթով համապատասխան դրույթ.
«Ես խնդրել եմ ենթահանձնաժողովին օժանդակել Հայաստանին որպես տարածաշրջանային գործընկեր, որը մասնակցում է խաղաղապահ առաքելություններին աշխարհի տարբեր մասերում և ընդունել է Սիրիայից ու Իրաքից հազարավոր փախստականներ» ,- ասել է Ադամ Շիֆը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում