Այս քաղաքում ստիպված են իրենց ողջ կյանքը կապանքներ կրել
Մի վաճառական մի օտար երկիր գնում ու հայտնվում տարօրինակ մի քաղաքում, ուր բոլոր բնակիչները կապանքներ ունեին: Վաճառականը մտածում է. «Իսկ եթե ինձ էլ կապանքներ հագցնեն, ի՞նչ անեմ այնժամ»:
Անսպասելիորեն, պահազորը հայտնվում է նույն վայրկյանին և նոր ազատ մարդ տեսնելով՝ շղթայում նրան: Վաճառականը վհատվում է՝ տուն վերադառնալու հնարավորությունը կորցնելով: Նա հարց ու փորձ է անում դժբախտ բնակիչներին, թե ինչո՞ւ են բոլորը կապանքներով և նրանք պատասխանում են, որ իրենց քաղաքում վաղուց այդպիսի կարգեր են:
Վաճառականը հարցնում է.
– Մի՞թե քաղաքի բոլոր բնակիչները ստիպված են իրենց ողջ կյանքը կապանքներ կրել:
Մարդիկ պատասխանում են.
– Ասում են, որ երբեմն մի ծերունի է քաղաք գալիս, ով ազատ է և կապանքներ չի կրում: Միայն նա գիտի ինչպես ազատվել դրանցից: Սակայն նա այնքան հազվադեպ է գալիս, որ մարդիկ կասկածում են դրա ճշմարտացիությանը:
«Այլ ելք չկա,- մտածում է վաճառականը,- հնարավոր է դեռ կտեսնեմ այդ ծերունուն և կիմանամ, թե ինչպե՞ս կարող եմ ազատվել»:
Շատ տարիներ են անցնում: Վաճառականն արդեն ծերանում է, մազերը սպիտակում են: Եվ ահա, մի անգամ, հանկարծակի տեսնում է ծերունուն, որ ազատ էր կապանքներից ու քայլում էր փողոցում:
– Պապի՛կ,- բացականչում է կալանավորը,- օգնիր այս կապանքներից ազատվել:
– Որդյա՛կ,- պատասխանում է ծերունին,- մտքումդ այսպես ասա. «Թող պահակազորն ինձ անմիջապես ազատ արձակի կապանքներից», և ազատ կլինես:
Կալանավորը մտածում է, որ դա մի անհաջող, դառը կատակ է, բայց որոշում է փորձել և մտքում արտասանում է այդ բաղձալի բառերը: Պահակազորն անմիջապես հայտնվում է ու նրան ազատ արձակում:
Վաճառականը շտապում է հեռանալ այդ տարօրինակ քաղաքից: Դարպասներից դուրս վազելով՝ կրկին տեսնում է այն ծերունուն, ով իրեն օգնել էր ազատվել:
– Ասա ինձ, պապի՛կ,- դիմում է նրան վաճառականը,- ո՞րն է այս տարօրինակ քաղաքի գաղտնիքը:
– Սա հասարակ քաղաք չէ,- պատասխանում է ծերունին,- որովհետև մարդիկ կալանավոր են դառնում և ազատվում են կապանքներից՝ միայն այդ մասին մտածելով: Եվ դու էլ փրկվեցիր, որովհետև հավատացիր իմ խոսքերին: Իսկ նրանք, ովքեր ինձ չեն հավատում՝ մնում են այս քաղաքի կալանավորները և ես այլևս ոչնչով չեմ կարող նրանց օգնել:
«…Եթե դուք իմ ուսուցմանը հավատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհ. 8:31-32):
Վերցված է surbzoravor.am կայքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի