Կարենը միամիտ չէր. նոր մանրամասներ փորձագետի սպանության գործից
Կարեն Վարդանյանի սպանության գործով Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք է տվել «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը:
Իոնիսյանը ասել է, որ Կարեն Վարդանյանին ճանաչել է 2009թ- ից , այդ ժամանակ Վարդանյանը իրենց կազմակերպությունում աշխատել է որպես փորձագետ: Դանիել Իոնիսյանի խոսքով` նախորդ տարվա մարտին Կարեն Վարդանյանը տեղեկացրել է, որ մտադիր է մեկնել Դուբայ, որպեսզի ծանոթանա շուկային եւ սկսի բիզնեսով զբաղվել:
«Կարենը միամիտ էր, չէր կարծում, որ մարդիկ ունակ են խաբել, հավատում էր, որ մարդիկ ազնիվ են եւ հակված չեն սուտ ասելու: Նախորդ տարվա մարտին ինձ հայտնեց, որ մեկ շաբաթով մեկնելու է ԱՄԷ, մտադիր է բիզնեսով զբաղվել: Ես փորձում էի համոզել, որ չի կարողանա զբաղվել բիզնեսով, բայց ասում էր` ինքն ու իր ընկերները կկարողանան զբաղվել եւ մենք սխալվում ենք»,-ասաց նա:
Իոնիսյանը նշեց, որ հետո Կարենը դարձել է անհասանելի:
Դանիել Իոնիսյանը ասաց, որ Կարենի մեկնելուց հետո նրա հարեւանը` քրեական գործով ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը, գնացել է նրա տուն եւ նրա բանակարանից դուրս հանել փորձագետի բարեկամուհուն, որը ժամանակավորապես բնակվել է նրա տանը` նշելով, որ բնակարանը վաճառված է:
«Գնացինք տեսնելու` ինչ է կատարվում, Կարենի բնակարանում. Գեւորգին տեսա եւ նրա եղբորը, ինձ ասացին, որ Կարենը Գեւորգին է նվիրել բնակարանը եւ նա էլ այլ անձի է վաճառել դա: Հարցին` ինչու է նվիրել, Գեւորգն ասաց` ինձ շատ է սիրում եւ ծնունդիս կապակցությամբ նվիրել է: Դա շատ տարօրինակ էր»,-պատմել է վկան:
Դանիել Իոնիսյանը նկատել է, որ Կարեն Վարդանյանը մեկնելուց անմիջապես հետո իր ֆեյսբուքյան էջում նշել է, թե գտնվում է Դուբայում, սակայն,Կարեն Վարդանյանի բջջային հեռախոսահամարի քարտը գտնելուց հետո, պարզվել է, որ Կարենը այդ գրառումը կատարել է Աջափնյակից: Դրանից հետո ոստիկանություն հաղորդում է ներկայացվել, որից հետո բացահայտվել է հանցագործությունը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության` փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թ. մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սեւանի Ախթամար թերակղզու մոտ Գեւորգ Զոհրաբյանը եւ Արթուր Միհրանյանը քարի բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կարեն Վարդանյանի գլխին։ Այնուհետեւ տեսնելով նրա անշնչացած մարմինը եւ հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գեւորգ Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ամբաստանյալներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունել:
Հիշեցնենք, որ 2016թ. մարտի 28-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» Խորհրդատվական ՀԿ-ի ծրագրերի համակարգողն էր գրավոր հաղորդում ներկայացրել առ այն, որ նշված ՀԿ-ի փորձագետ Կարեն Արշակի Վարդանյանը 2016թ. մարտի 17-ին իր՝ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի 31/8-րդ շենքի 32-րդ բնակարանից դուրս է եկել՝ 1 շաբաթով արտասահման գործուղման մեկնելու նպատակով, սակայն մինչ օրս չի վերադարձել: