Սա մարդասպանություն է. Ռուբեն Բաբայան
«Յուրաքանչյուր անմեղ զոհ, իսկ այս պարագայում նման երևույթի հետ գործ ունենք, չպիտի լինի: Մենք արդարադատության համակարգ չունենք իրականում, ունենք պատժիչ համակարգ, որը պատժում է պաշտոնապես մարդուն դեռ մեղավոր չճանաչած»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքից:
«Նա առաջին հերթին հումանիզմով էր ուղղորդվում, գուցե մենք առաջին անգամ հանդիպեցինք իրական հացադուլի, ոչ թե դիետայի»,-նկատեց նա: Ըստ Բաբայանի`ծանր հիվանդ, 2 կարգի հաշմանդամ մարդուն պահել բանտախցում մի քանի ամիս, պահել մի մարդուն, ով որևէ վտանգ հասարակության համար չի ներկայացնում, կոչվում է մարդասպանություն:
«Եվ նման մարդու մահը քաղաքական շահարկումների ենթարկելն անբարոյականություն է: Ինչ եղել, եղել է, մարդը մահացել է, կարևորը, թե ինչ հետք ու պատգամ է թողել, պատգամը շատ հումանիստական է, եթե հումանիզմի բացակայության պատճառով մոռանանք, թե ինչու մահացավ, մենք շատ արագ մոռանանք Արթուր Սարգսյանին»,-շեշտեց Ռուբեն Բաբայանն ու հավելեց, որ Արթուր Սարգսյանն իր կեցվածքով, իր մարդասիրական մղումով միավորեց բոլորին: